Մեր մեծ խնդիրները ուրիշների համար փոքրիկ հարցեր են։ Երբ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպում են միմյանց հետ ամեն տեսակի հարց չէ, որ կարելի է քննարկել նման հանդիպման ժամանակ։ Այսինքն ամեն խնդիր չէ, որ պետք է երկրի առաջին դեմքերի մակարդակով քննարկվի։

Նույնն է նաև մարտի 1-ի գործը և դրա շրջանակներում Միքայել Հարությունյանի հետախուզումը և ռուսական կողմից նրա հանդեպ հետախուզում չհայտարարելը։ Շատերը ցանկանում են, որ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ողջույնի խոսքի փոխարեն պահանջեր, որ հենց տեղում իրենց հանձնեն Հարությունյանին։

Սակայն այդ ամենը իրականում անհնարին է։ Պատմության մեջ ես նման դեպք դեռ չեմ տեսել, երբ երկու երկրի ղեկավար հանդիպման առաջին րոպեից խոսեն իրենց երկրում հետախուզվող մարդկանց մասին։

Նախ մի փոքր սխալ կլիներ այդքան լրատվամիջոցների ներկայությամբ Պուտինի հետ քննարկել այդ հարցը, հետո էլ դա առաջին դեմքերի հարց չէ, որպեսզի նման կարևոր հանդիպումը օգտագործվի մեկ անձի հարցերը լուծելու համար։ Հետո էլ մենք չգիտենք, թե փակ դռների հետևում ինչ են խոսացել, բայց ես ուրախ կլինեմ, որ երկու երկրների ղեկավարները ավելի կարևոր հարցեր քննարկած լինեն, քան Հարությունյանի հանձնելու հարցը։

Իսկ Միքայել Հարությունյանի հետ կապված խնդիրը լուծելու համար կան նախարարություններ և այլ ստորաբաժանումներ, ովքեր պետք է կապի մեջ լինեն իրենց ռուս գործընկերների հետ։

Թե չէ ստացվում է այնպես, որ Փաշինյանը և լոլիկի գինը պետք է ճշտի շուկայում, և Միքայել Հարությանի նկատմամբ անձամբ հետախուզում հայտարարի՝ Ռուսաստանում։ Մյուս պետական կառույցներն էլ երևի վզները ծռած պետքա նայեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել