Տարօրիակ մի օրինաչափություն է սկսվում ի հայտ գալ. եթե դու ընդդիմադիր ես, ընդդիմության ներկայացուցիչ, ապա քեզ ամեն ինչ կարելի է` հայհոյել ոստիկանին, արհամարհել ցանկացած պետական պաշտոնյայի, ծաղրել նրան ու քաղաքական գործչին և վերջապես հային ոչ հարիր բառերով բնութագրել իշխանություններին: Սակայն եկեք ընդունենք մի պարզ ճշմարտություն, որ եթե դու ընդդիմադիր ես, ապա չի նշանակում, որ պետք է լկտի լինես: Որովհետև այսօր իրենց ընդդիմադիր հռչակած շատերը նախկին իշխանավորներ են, որովհետև իշխանությունը միանշանակ միայն տականքներից ու սրիկաներից, քցողներից ու խաբողներից չի բաղկացած: Բոլորս ենք զարմանքով ու զզվանքով դիտում այն հարցազրույցներն ու ելույթները, երբ որևէ իշխանության ներկայացուցիչ լկտի պահվածք է ցուցաբերում կամ փայլում է իր բացարձակ անգրագիտությամբ, սակայն նույնքան հաճելի չի նաև ընդդիմադիրների նմանատիպ պահվածքը: Արդարացումը, որ դե իրենց հետ այլ լեզվով խոսելն անհնար է, շատ սխալ է, որովհետև եթե շունը քեզ կծում է, դու նրան չես պատասխանում՝ նույնպես կծելով: Քաղաքական բանավեճի ու քննարկումների կուլտուրան պետք է մտցնել մեր առօրյա և վախեցնելու ու հիստերիկ փնովելու փոխարեն հստակ փաստարկներով ներկայացնել ու հիմնավորել քո ճշմարտացիությունը: Սակայն գաղափարի սնանկությունն ու միայն պաշտոնափողախառը մուրացկանությունը հատուկ է ոչ միայն ՀՀ էլիտայի իշխանական թևին, այլև ընդդիմադիր թևին: Այս իսկ պատճառով մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, և եկեք չբողոքենք, որ ժողովուրդը ընտրակաշառքը մեծ հաճույքով է վերցնում: Իսկ նման հիստերիկ քաղաքական գործիչներից ուրիշ ինչ սպասելիք ունենա խեղճ ու կրակ ժողովուրդը, որ շնից մի մազ պոկելն էլ է քյար համարում: Մինչև չքաղաքակրթվենք, իրավիճակի փոփոխություն չի լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/534778783223841
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել