Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է անթերի տեսք ունենալ: Բոլորն էլ ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան երեկոյան խնջույքներին, ընկերների հետ հանդիպման ժամանակ լինել յուրահատուկ եւ ուշադրության կենտրոնում: Իսկ լավ տեսք ունենալու համար, բոլորս էլ գիտենք, որ դիմահարդարումից շատ բան է կախված: Բայց շատերը այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք փչացնում են իրենց տեսքը: Ահա մի քանի սխալներ, որոնք շատ աղջիկներ թույլ են տալիս դիմահարդարման ժամանակ.
1. Մի չարաշահեք փայլն ու մետաղները։ Մի օգտագործեք մեծ չափերի փայլեր, դրանք չափից ավելի շատ լույս են անդրադարձնում եւ մանկական տպավորություն թողնում։ Եթե ցանկանում եք բառի բուն իմաստով փայլել երեկույթին, բավական են աչքերի փայլող ստվերաներկերը (մի քիչ տարածելով դեպի քունքերը), շրթունքների փայլը՝ լույսն անդրադարձնող մասնիկներով կամ ոչ մեծ քանակի փայլող դիմափոշին։ Փայլը միանգամայն անհարկի է T-նման գոտում (ճակատ, քիթ, ծնոտ)։ Միայն երկու գոտի ընտրեք մետաղ քսելու համար, օրինակ՝ կոպերը և այտոսկրերը կամ շրթունքներն ու այտոսկրերը։ Մնացածը պետք է անփայլ լինի։
2. Առհասարակ փայլից մի հրաժարվեք։ Եթե չափից ավելի փայլը փչացնում է տպավորությունը, ապա դրա լիակատար բացակայությունն էլ նույնքան վատ է։ Մի քիչ փայլը դեմքի հիմնական կետերում (այտոսկր, աչքեր, շրթունքներ, քունքեր) առողջության զգացողություն է ստեղծում։ Գաղտնիքն այն է, որ փայլը պետք է քսվի հատվածաբար, ոչ թե ամբողջ դեմքին։
3. Մի համադրեք մետաղները։ Ոսկին եւ արծաթը մնում են նորաձև։ Մենք գիտենք կանոնը, ըստ որի չի կարելի համադրել ոսկե եւ արծաթե զարդերը։ Բայց այդ կանոնը գործում է նաեւ դիմահարդարման մեջ։ Արծաթափայլ ստվերաներկերը չեն սազում բրոնզափայլ կամ ոսկեփայլ շրթներկին:
Ոսկին եւ բրոնզը «տաք» մետաղներ են, արծաթը՝ սառը։ Ուստի դրանցից մեկնումեկը կսազի ձեզ, նայած՝ տա՞ք, թե՞ սառը երանգ ունի ձեր մաշկը։
4. Անպայման ներկեք եղունգները։ Մի մտածեք, որ ձեր մերկ եղունգները ոչ ոք չի նկատում երեկույթի մեղմ լույսի տակ։ Անպայման կնկատեն, ինչպես որ կնկատեն, որ եղունգները ներկված են, եթե անգամ օգտագործեք ամենաաննկատ ներկը։ Մատնահարդարումը ամբողջականություն ու ոճ կհաղորդի ոչ միայն ձեռքերին, այլեւ ձեր կերպարին։