Այսօր կայացավ ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումը Մոսկվայում: Հանդիպումից ստացված նախնական ազդակներն այնքան էլ հուսադրող չեն, և դա, ըստ էության, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ածանցյալն է:
Մասնավորապես, Փաշինյանն իր ելույթը սկսեց լրագրողական տարրական պոպուլիզմով՝ փաստելով հայկական և ռուսական լրատվամիջոցներում օրեցօր մեծացող «հակա» տրամադրությունները միմյանց նկատմամբ: Սխալ է նման բացասական միտումով բանակցություն մեկնարկելը և դրանից հետո հավաստիացնելը, որ, այնուամենայնիվ, մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ցանկացած հակառուսական տրամադրություն աշխարհաքաղաքական ներկայիս փուլում ՌԴ կողմից ընկալվում է մաքսիմալ զգուշավորությամբ:
Ի դեպ, պատասխանը չուշացավ... Պուտինն իր ելույթում ոլորտ առ ոլորտ հիշեցրեց ՌԴ մեծ դերակատարության մասին Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգության հարթություններում: Անշուշտ, այդ հիշեցումը սառը ցնցուղի նպատակ ունի ամբողջ աշխարհին իր հետ հարմարվելու կոչով հանդես եկող ուժի համար: Բայց որ ամենահետաքրքիրն է, Հայաստանի ամենաառաջին գործընկերոջ, ռազմավարական դաշնակցի, ամենասփյուռք ունեցող երկրի ղեկավարը Հայաստանի հետ հարաբերություններն անվանեց ոչ թե գործընկերային, ոչ թե բարեկամական կամ դաշնակցային, այլ՝ ՍՊԵՑԻՖԻԿ:
Անխուսափելի է՝ հայ-ռուսական ֆոնին նոր ու աննախադեպ զարգացումների պետք է սպասել։