Վարչապետը մեկնում է Մոսկվա, բայց սա սովորական այց չէ: Նա Մոսկվա գնում է այնպես, ինչպես հայ արքաները գնում էին Տիզբոն:
Սա Նիկոլ Փաշինյանի երրորդ այցն է Ռուսաստան և երրորդ հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինի հետ: Ու նախորդ երկու անգամն էլ հանդիպումները Փաշինյանը գնահատել է փայլուն, Պուտինին էլ՝ ոչ այնպիսին, ինչպիսին պատկերացնում էր: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ նման աժիոտաժ: «Դուխով, Նիկոլ ջան», «Մենք քեզ հետ ենք», «Քո մոտ կստացվի», «Մեր անունը բարձր կպահես», «Հաղթելու ենք», «Ժողովուրդը քեզ հետ ա», և այլն… Քաղաքական գործիչներից մինչև թուղթ ու գիր բացող Վարսիկ տոտան ընկել են պարոն Նիկոլ Փաշինյանին քաջալերելու գործին: Էլ չասենք, որ ռուսաստանյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները մատնանշում են հանդիպման կարևորությունը:
Կարիքը, ուրեմն, կա: Ուրեմն՝ մի բան այնպես չի արվել, ու բոլորն էլ, այդ թվում՝ ինքը՝ Փաշինյանը, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ:
Այդ ինչ-որ բանը Հայաստանում իրար հետևից շարվող անապացուցելի քրգործերն են, ռուսական խոշոր ընկերության հետևից ընկնելն է, հակառուսական ընդգծված գործելաոճն է, որ ցուցաբերում են կառավարության անդամները, դա Հայաստանում արևմտյան դեսպանների ու արևմտյան ներկայացուցիչների հայտարարությունների ակտիվացումն է, Ռուսաստանին զսպելու մասին կոչերը: Ով մտածում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վատացումը, Լավրովի քոմենթն ու ակնարկը կապված են բացառապես Քոչարյանի գործի հետ, կարծում եմ՝ քաղաքականությունից չի հասկանում:
Միշտ չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները հարթ են ընթացել, եղել են տարբեր խնդիրներ, ու դրանք միշտ լուծվել են մեկ պաշտոնական մակարդակով՝ բանակցությունների շրջանակներում, մե՛կ անձնական-ընկերական մակարդակով՝ սեղանի շուրջ կամ հեռախոսազանգով, մե՛կ իշխանության թիմի որևէ անդամի՝ ռուս գործընկերների հետ ունեցած ջերմ հարաբերություններով:
Օրինակ՝ վատ չէր լինի, չէ՞, հիպոթետիկ, որ Հայաստանի առաջին նախագահն ընկերական հարաբերություններ ունեցած լիներ Ֆրանսիայի նախագահի կամ իշխանությունում ազդեցիկ մարդկանց հետ: Կարելի՞ էր օգտագործել կապերն անհրաժեշտության դեպքում: Կարծում եմ՝ վստահ:
Լավ կլիներ, չէ՞, որ Սերժ Սարգսյանը, ասենք, ընկերական հարաբերություններ ունենար Դոնալդ Թրամփի հետ կամ այլ՝ ԱՄՆ ազդեցիկ մարդկանց հետ, ու այդ ժամանակ սուվերենությունից անընդհատ խոսող Նիկոլ Փաշինյանն ու թիմը՝ գումարած, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու մի քանի տասնյակ կոնգրեսականներ ոչ թե խնդրանք կուղարկեին ԱՄՆ նախագահի աշխատակազմին, թե՝ շնորհ արա, մեկ անգամ ընդունիր ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանին, այլ մեկ զանգով կկազմակերպվեր այդ հարցը: Թրամփը գոլֆ խաղալուն օրը մի քանի ժամ տրամադրում է, հաստատ մի ժամ կտրամադրեր մեր ժպտերես վարչապետին, որի ներկայացուցիչներն օր ու մեջ ԱՄՆ են գնում՝ հեղափոխության արդյունքները ներկայացնելու:
Հայաստանի երկրորդ նախագահն ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրանում համոզվեցինք:
Ցանկացած մեզ պես փոքր երկրում այդտեսակ հարաբերություններն անգնահատելի առավելություն կլինեին, արտաքին հարաբերությունների պաշտոնականի հետ կունենայինք նաև այլ տեսակի գործիքներ, որից կօգտվեր մեր պետությունը: Դա այդպես է միանշանակորեն: Ցավոք, մեր իրականությունում դա անհնար է:
Հիմա Նիկոլ Փաշինյանին արցունքով ճանապարհում ենք՝ ստուգելով՝ վրան ամեն ինչ կարգի՞ն է, որ մի հատ էլ վերադարձին ստուգենք՝ հո վրայից բան չի պակասել, օդանավի հետևից ջուր ենք լցնում: Մերոնք քանդում են ամեն ինչ, բոլորի հետ կապերը արագ փչացրել են, դեռ չսկսած՝ հայտարարում են, թե Հայաստանում նոր իրողություններ են, ու չգիտես ինչու, բոլորը պետք է հաշվի առնեն այդ իրողությունները: Եվ այս ամենի հետ մեկտեղ ամեն բան անում են անձնական հարաբերությունները զրոյից ցածր մակարդակից սկսելու համար: Պետությունը տուժում է, ժողովուրդը՝ նույնպես, բայց դե մերն է, դուխ ենք տալիս...