Aysor.am-ը գրում է

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավարությունը։ Նա մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու համար։ Այս գործը, հիշեցնենք, 11 տարվա վաղեմություն ունի և դրա մասին բարձրաձայնվեց իշխանափոխությունից հետո միայն։ Ըստ մեղադրանքի՝ երևան են եկել նոր հանգամանքներ. քաղաքացի Դավիթ Սիմոնյանը տվել է ցուցմունք, որ 2007 թվականի ապրիլի 1-ին իրեն հրազենային վնասվածք հասցրել է Հայկ Սարգսյանը և ոչ թե Արթուր Ղևոնդյանը, ինչպես նշված է եղել անցյալում հարուցված, այնուհետև հաշտության հիմքով կարճված քրեական գործում։



Քրեական գործի նյութերը պատճեններ են, բնօրինակը չկա

Դատարանում ներկա էին Հայկ Սարգսյանի մայրը, կինը և մյուս հարազատները։ Այսօր մեկնարկած դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մի քանի հարցեր ուղղեց ամբաստանյալ Հայկ Սարգսյանին, որից պարզվեց, որ նա երկու անչափահաս երեխաներ ունի, աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես հասարակական կարգի պահպանության պետի տեղակալ, ունի բարձրագույն կրթություն։ Ամբաստանյալին ներկայացնելուց հետո նրա փաստաբան Երեմ Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է այս գործն ընդունվել հենց Աննա Դանիբեկյանի վարույթ, ինչին դատավորը պատասխանեց, որ դա համակարգչային եղանակով բաշխման միջոցով է կատարվել։

Այուհետև փաստաբանը դատարանին միջնորդեց տրամադրել 5 րոպե ժամանակ գործի նյութերը աչքի անցկացնելու համար, որն անելուց հետո հայտարարեց, որ քրեական գործի նյութերը, մասնավորապես, 2007-ին քրեական գործ հարուցելու ու այն կարճելու որոշումը, վկաների՝ այդ թվում արդեն մահացած վկայի ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները պատճենների տեսքով են ու դրանց ճշգրտության ապացուցման խնդիր կա։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փաստաբանը տարակուսանք հայտնեց, թե դատարանն ինչպե՞ս պետք է ոչ հավաստի պատճեների վրա դատաքննություն իրականացնի։

«Գտնում եմ, որ դատարանը պետք է վարույթն իրականացնող մարմնից պահանջի այդ պատճենների պատշաճ հավաստում, որից հետո կարող ենք այս դատաքննությունը շարունակել», - հայտարարեց փաստաբանը ու դատարանին միջնորդեց վարույթն իրականացնող մարմնից պահանջել հաստատել պատճենների ճշգրտությունը։ Դատավորը չգիտեր՝ ինչպե՞ս պետք է հավաստի նախաքննական մարմինը և հետաքրքրվեց՝ ի՞նչ եղանակով։ Փաստաբանն էլ արձագանքեց՝ ինքը չէ, որ պետք է ասի հավաստման մեթոդները և հուշեց, որ պետք է ներկայացնել քրեական գործի բնօրինակը։ Իսկ բնօրինակը, ինչպես հետո պարզվեց, գոյություն չունի, ոչնչացվել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել