Սուվերենության խաղը, վենդետան և դրանց վտանգները հենց բացահայտում են հերթական օրինախախտումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած հայտարարում է, թե բոլոր մարդասպանները պիտի նստեն։ Այսպես՝ այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանի վճռով Քոչարյանն ազատվեց կալանքից, Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17֊ի ելույթում տասնյակ հազարավոր մարդկանց դիմեց. «Խնդրում եմ՝ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից»: Այժմ, երբ Քոչարյանի փաստաբանները ցույց տվեցին, որ նախաքննական մարմինն, օրենքներն ու Սահմանադրությունը խախտելով, Քոչարյանի անձնագիրը պահում է ու խափանման միջոց է ընտրում քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելը, Փաշինյանն իր ՖԲ պատին գրեց․ «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն»։
Պարզ է, որ այս կոչերը միայն Մարտի մեկի արյունը Քոչարյանի վրա գրելու ու նրան կալանելու համար են։ Ինչո՞ւ է պարզ։ Արդեն չորրորդ ամիսն է՝ իշխանափոխություն է եղել, բայց անկախությունից ի վեր տասնյակ սպանություններից ոչ մեկը չի բացահայտվել։ Մի քանի սպանություն թվարկենք՝ ԿԳԲ֊ի նախկին պետ Մարյուս Յուզբաշյան, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյան, ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, ՆԳ նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյան, պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունի (դեռ չասած մինչև վերջ չբացված երկաթգծի նախկին պետ Համբարձում Ղանդիլյանի և Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունները)։ Թեկուզ հենց 2008 թվի Մարտի մեկի ոչ մի սպանությունը չի բացահայտվել, 10 զոհ է եղել, բայց գոնե մի անմիջականորեն սպանող չի բացահայտվել։ Երբ փաստաբաններն առաջին ասուլիսը տվեցին, Քոչարյանի կալանավորումը ողջունողներից նրանք, ում ուղեղները հեղափոխությունն այնպես չէր լվացել, որ չնկատեին անօրինականությունը ցույց տվող տրամաբանական փաստարկները, սկսեցին խոսել, թե Քոչարյանի պաշտպաննները բարձր պրոֆեսիոնալներ են, և որ նախաքննական մարմինն ավելի բարեխիղճ պիտի աշխատի, որ բռնելու տեղ չունենան։
Փաստաբանների կողմից ՀՔԾ-ի ամեն անօրինականություն բացահայտելու հետ այսպիսի ձայները քչացան ու ի վերջո լռեցին։ Արդեն ակնհայտ դարձավ, որ ոչ միայն փաստաբանների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ են ապօրինությունները երևում, որ սովորական փաստաբաններն էլ դրանք կբացահայտեին, այլ իշխանությունը բացահայտ գործ սարքելով է զբաղված, որը հեղափոխական տրամադրված մտավորականները բարձրաձայն չեն կարող խոստովանել։ Արդեն շատ ավելի դժվար է առարկել փաստաբան Ալումյանի հայտարարությանը, որ «նախաքննության ամենագլխավոր գաղտնիքն այն է, որ նախաքննությունը տարվում է Սահմանդրության և օրենքների խայտառակ խախտումներով»։
Նիկոլ Փաշինյանը պահանջում է նստեցնել Քոչարյանին, քննիչներն էլ ստիպված իրար հետևից օրենքներ են խախտում։ Ակնհայտ է, որ ձեռքի տակ եղած օրենքները բավարար չեն, ուրեմն՝ նոր օրենք է պետք հնարել, ու Փաշինյանը խոսում է անցումային արդարադատության մասին, հասարակությունն էլ խայծը վերցնում ու լուրջ-լուրջ քննարկում է անցումային արդարադատության խնդիրը, տարբեր երկրների փորձից խոսում՝ չնկատելով, որ այս ամբողջն արվում է Քոչարյանին փակելու համար (որպես զուգահեռ՝ երբ Սերժ Սարգսյանը մեջտեղ գցեց խորհդարանական կառավարման գաղափարը, հասարակությունը սկսեց քննարկել, թե ինչքանով է այն անհրաժեշտ՝ չնկատելով, որ Սերժն ուղղակի իր իշխանությունը երկարացնել էր ուզում)։ Բայց քանի օրենքները չեն հերիքում, ի՞նչ անել, պաշտպանական կողմի բացահայտումներին ՀՔԾ-ի հայտրարությունները ոչ միայն չեն հավասարակշռում, այլև գնալով ավելի անհեթեթ են դառնում, մարդիկ էլ նայում են, ճիշտ է, լռողները շատանում են, բայց նայում են։
Մյուս կողմից էլ հակաքոչարյանական շրջանակներն իրենց կորցնում են, բառարաններն են քրքրում, որ Քոչարյանին պիտակավորող ահավոր բառեր գտնեն օրենքներին հակադրելու համար։ Ուրեմն՝ ՀՔԾ֊ի խոսքը քիչ է։ Ի՞նչ անել։ Պաշտպանական կողմի դեմ պետք է գրգռել բազմությանը, ու Փաշինյանը կոչ է անում հազարավոր մարդկանց, որ թույլ չտան՝ «որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից»։ Այսինքն՝ ահա ձեզ թիրախը, թույլ մի տվեք, որ նա ազատ մնա։ Մի անգամ թույլ չտվեցին ասուլիս անել, ապա սկսեցին ահաբեկել փաստաբաններին։ Վարչապետը ավելի շատ էներգիա է պահանջում։ Մաո Ցզեդունն իրեն կարող էր թույլ տալ, որպես աշխարհի ամենահզոր երկրներից մեկի առաջնորդ և որպես կոմունիստ, հունվեյբինների ջոկատներ ստեղծել՝ դասակարգային թշնամիների դեմ օգտագործելու համար։ Հայաստանում դա վտանգավոր է, քանի որ․
1․ Հայկական հեղափոխությունը սոցիալիստական չէ և նա չի բերել դասակարգային հակամարտություն, հակառակը՝ գնալով ավելի աջ թեքումներ է ստանում․ վկա՝ պրոգրեսիվ հարկից հրաժարվելն ու բոլորի համար՝ հարուստ թե աղքատ, մի եկամտահարկ սահմանելու ծրագիրը։ Ուրեմն՝ ոչ միայն դասակարգային պայքար չկա, այլև ունևոր դասակարգի դիրքերն են ամրացվում։
2․ Հայաստանը փոքր, աշխարհաքաղաքական լարումների գոտում, պատերազմական վիճակում գտնվող երկիր է, և բազմությանը անձնական թշնամիների դեմ լարելը կարող է լուրջ բախումների բերել ու ողբերգական հետևանքներ ունենալ։
3. Այս քրեական գործը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից, ընդգրկում նաև ՀԱՊԿ պաշտոնյայի և հարվածում հայ֊ռուսական հարաբերություններին։ Պուտինի ազդանշանը՝ Քոչարյանի տարեդարձը շնորհավորելը, կարծես չհասավ իշխանություններին, հակառակ դեպքում Փաշինյանը չէր ծաղրի Լավրովի խոսքերը, թե թեժ վիճակը շոգի հետ է կապված։ Շատերը հրճվում ու սուվերենություն֊սուվերենություն են խաղում, որ իրենց վարչապետը ձեռք է առնում այլ երկրի արտգործնախարարին։ Մի հիշեցում. մի անգամ էլ ՀՀՇ֊ն 1991֊ին սուվերենություն խաղաց՝ դուրս եկավ սովետական կենտրոնական իշխանության դեմ, Գորբաչովին հաթաթա էին տալիս, հրաժարվեցին մասնակցել համամիութենական հանրահավաքին, իսկ Ադրբեջանը պահն օգտագործեց, սուվերենություն չխաղաց, մասնակցեց հանրաքվեին, ու Մոսկվան օգնեց նրան Գետաշենը դատարկել։ Հիմա հարց՝ ո՞վ է ավելի սուվերեն՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը։ Բայց սա դաս չի եղել, և ՀՀՇ֊ի շրջանակներն ամենակատաղի ձևով են գրգռում հանրությանը Քոչարյանի ու Խաչատուրովի դեմ ու էլի սուվերենություն խաղում։
Այսօր դուխով քայլը կլիներ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեր անձնական վրեժին հանրությանը մասնակից դարձնելու մտքից ու թեյի հրավիրեր երկրորդ նախագահին։ Ի վերջո նա համաձայնվեց Ալիևի հետ հանդիպել, չեմ կարծում, թե այն պատճառով, որ հեղափոխական խմբերի աչքում Ալիևը ավելի արժանի է, քան Քոչարյանը։