Միգուցե արդեն անիմաստ է անդրադառնալ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող այս անձին և հատկապես նրա գործունեության ադեկվատությանն ու օրինականությանը, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել խախտումներն ու կանխել նմանօրինակ անօրինությունները։
Եվ այսպես՝ մոտավորապես մեկ ժամ առաջ վերոնշյալ անձն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզչական պաստառի լուսանկարը։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․․․ ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԴԻՐՔՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ․․․․ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․»։
Իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ, ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՏԱՐԱԾԵԼԸ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ․․․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ։
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտրված՝ նոր կառավարությունն այն սկսել է օրենքի կոպիտ խախտումներով։ Սպասենք արդար և թափանցիկ ընտրությունների։