Այս երկու օրը երբ չեմ բացում հայկական մամուլը, գրված է՝ Վրաստանում ձերբակալվել են, ձերբակալվել են, ձերբակալվել են... Չեմ հասկանում սա, ինչ հիստերիա է, թե ինչ է, այո՛, ձերբակալվել են Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ինչպես նաև երկրի առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին: Հարց է կանգնում՝ իսկ ինչո՞ւ չպետք է ձերբակալվեին... Երբ ձերբակալվում են այս մակարդակի մարդիկ, դա չի նշանակում, որ հարցը միայն զուտ քաղաքական հարթության մեջ է: Իսկ ո՞վ չգիտեր, որ Վրաստանը դեղորայքների մախինացիաներով ԱՊՀ երկրներում առաջիններից է, ինչի՞ մենք, որ գնում ենք դեղատուն, առաջին հարցը, որ տալիս ենք նա չի՞` այս թանկարժեք դեղորայքը Վրաստանի՞ց է... Դեռ պարզ չէ բացի օֆիցիալ մեղադրանքներից (հիշեցնեմ, որ նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնեական պարտականությունները գերազանցելու և պետական միջոցների շռայլման մեջ), իրականում ի՞նչ հանցանքներ են գործել ժամանակին անձեռնմխելի համարվող այս մարդիկ: Այո՛, ես չեմ բացառում, որ քաղաքականությունը այստեղ դերակատարում ունի` այո՛, փոխվել է նախկինում համար մեկ իշխող կուսակցության դերը և հիմա հնարավոր է դարձել նրանց պատասխանատվության կանչել: Իսկ դա նորմալ չէ՞, աննորմալը կլիներ այն, որ նրանց չպատժեին: Եվ եկեք այսպես մտածենք՝ ո՞վ է կասկածում, որ այս մարդիկ միլիոններ ունեն, դրա մասին ամբողջ Վրաստանն է խոսում, ու ի՞նչ, նրանք չկարողացա՞ն միջազգային ճանաչում ունեցող լավ փաստաբան վարձել հա՞, որպեսզի իրենց անհիմն մեղադրանքներ չառաջադրվեին: Իհարկե կկարողային, բայց դա նրանց մոտ չստացվեց, քանի որ նրանք մաքուր չեն եղել իրենց գործունեության ընթացքում: Ճիշտն ասած՝ ես ինքս կողմնակից եմ այն գաղափարին, որ տնտեսական հանցագործությունները վաղեմության ժամկետ պետք է չունենան, և այն մարդը, ով իր երկիրը թալանում է այսօր, պետք է իմանա, որ վաղը ամպայման պետք է նստի, այլապես երկրում կստեղծվի ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ: Այս ձերբակալություններով Վրաստանը մեկ քայլ առաջ է գնում դեմոկրատական ճանապարհով, քանզի այս նախադեպը վախի մթնոլորտ կառաջացնի ներկայիս, Իվանիշվիլի վարչապետի շքախմբի մոտ: Նրանք քաջ կգիտակցեն, որ վաղը եթե փոխվի քաղաքական իրավիճակը երկրում, իրենք նույնպես պատասխան են տալու Վրաստանը թալանելու մեջ, և սա է միակ ճանապարհը պայքարելու կոռուպցիայի դեմ:
Հ.Գ. Բոլոր հին հանցագործությունները մինչև չբացահայտվեն, նորերը անխուսափելի են...



