Քարոզչության կարևոր սկզբունքներից մեկն է՝ վերածել քաղաքական գործընթացը հնդկական կինոյի, որ ասենք, սուրճի բաժակի շուրջ՝ «վույ, աղջի, բա իմացար՝ Ջոնջոլիկն ասեց, որ դունդուլիկը բաբուլիկ ա», «աման, աղջի, հեսա սկսելու են պոեզդները տրաքցնել»:
Հնարը նույնքան հին է, որքան մարդկությունը: Հնի բազմաթիվ պատկառելի անվամբ պատմաբաններ (մեծ մասն այս կամ այն քաղաքական հոսանքի քարոզիչներ) լիուլի ստեղծագործել են այդ ժանրում: Պատմության դասագրքեր մտած բազմաթիվ «բոլորին հայտնի» պատմություններն այլ բան չեն, քան քարոզչական պատերազմներում հաղթած կողմերի պատումներ իրողության մասին՝ հնդկական սերիալի մակարդակի: Օրինակ՝ այն ամենն ինչ գիտենք Ներոնի մասին, մեր Արշակունի թագավորների մասին, մոնղոլների արշավանքների մասին, ինկվիզիցիայի, յակոբինկան տերորի և այլ սարսափիկների մասին, մեծ հաշվով, սովորական հնդկական կինոներ են, որոնց համեմատ իրականությունը եղել է շատ ավելի բարդ ու ոչ միանշանակ:
Մեր քաղաքական կյանքում էլ բոլոր ժամանակների ընդդիմությունները և բոլոր ժամանակների իշխանություններն առատորեն օգտվել են այս պարզ մեթոդից: Ընդդիմությունները հիմնականում հաղթել են իրենց քարոզչականում, բայց որոշ հաջողությունների հասել են նաև տարբեր ժամանակվա իշխանավորները: Օրինակները շատ են՝ սկսած 90-ականներից մինև մեր օրերը:
Այսօր էլ նույն վիճակն է:
Նոր կառավարությանն ընդդիմադիր խմբերը կանոնավոր, համակարգված, հետևողականորեն ամեն օր հրամցնում են «հնդկական կինոյի» նոր սերիա: Առիթներ միշտ կլինեն: Միշտ էլ մի իշխանական դեմք մի անհաջող բան կասի կամ կանի, որը կարելի է հրամցնել որպես աշխարհի վերջ մեկ առանձին վերցված երկրում:
Պատկերացնո՞ւմ եք, ասել է՝ սև ու սպիտակ, մեր դեմ խաղ չկա: Հեսա գիլյոտինները բերելու են: Հեսա բոլորիս կախելու են: Վալերիկ, վալերիանին բեր: Ջուլիկ, ջուրը բեր:
Դե հայ ժողովուրդը՝ չասեմ, բայց հայ քաղաքական բոմոնդը շատ սրտից թույլ է: Վախեցնել, նեղացնելը մեկից մեկ է:
Այս ամենը նորմալ է, այսինքն՝ նորմալ է, որ նման ոճի հակաքարոզչություն է արվում ու արվելու է:
Նորմալ չէ այլ բան: Երբ իշխանության կողմնակիցները նման պարզունակ հակաքարոզչությունից ազդվում են, մի տեսակ վհատվում են: Սկսում են կա՛մ ներողություն խնդրել, կա՛մ հանուն օբյեկտիվության դատապարտել, կա՛մ պահանջել, որ «բլթցնողը» ներողություն խնդրի:
Ասե՞լ է սև ու սպիտակ: Իհարկե, ասել չարժեր, որովհետև դա շատ կանխատեսելի առիթ է օրվա, նույնիսկ շաբաթվա՝ «աշխարհի վերջը մի բաժակ ջրում» սարքելու համար: Բայց մոտալուտ աշխարհի վերջին հավատալ չարժե: Մարդկության փորձը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի վերջի մասին գուշակությունները որպես կանոն իրականություն չեն դառնում: Ոչ ոք չի մեռնի, սրտի կաթված չի ստանա, նույնիսկ պատի տակ չի գնդակահարվի նրանից, որ Կարգին Հայկոն ինչ-որ բան է ասել գույների մասին:
Եթե շատ նուրբ եք, ու նյարդային համակարգը լավ չի աշխատում, լավ կլինի նախապես դեղերի կուրս անցնեք, որովհետև քամիները դեռ ավելի են ուժեղանալու, ու ամպերը գոռալու են:
Իշխանության հարցը Հայաստանում դեռ լուծված չէ: