«Ազգային անվտանգություն» հիշատակելիս շատերը նկատի ունեն ռազմական անվտանգություն, այնինչ այդ հասկացությունը շատ ավելի լայն շրջանակներ ունի, այդ թվում՝ ներառելով պարենային, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունը: Սևանա լճից ջրառն անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգությանը, քանի որ առաջացնում է թե՛ պարենային, թե՛ բնապահպանական ռիսկեր:
Մի կողմից՝ ջուր բաց չթողնելու պարագայում բախվելու ենք բերքատվության խնդրին՝ չենք ունենա բերք, առկա գների թանկացում կստանանք, կտուժի թե՛ գյուղացին, թե՛ քաղաքային սպառողը։ Կտուժի գյուղացին՝ հաջորդ տարի հնարավորություն չի ունենա շարունակելու հողագործությունը, կունենանք սոցիալական լարվածություն:
Մյուս կողմից՝ բնապահպանական ահագնացող վտանգներ, հնարավոր աղետից խուսափելու ջանքեր: Ջուր բաց թողեցինք՝ ևս 3 սմ-ով ջրի մակարդակի իջեցում կստանանք, արդեն իսկ -3 սմ գումարած, իսկ դա ճահճացման ճանապարհն է, այսինքն՝ մյուս տարիների ոռոգման ջրից կգողանանք:
Կարճ ասած՝ ջուր բաց կթողնենք, կարճաժամկետ լուծում կստանանք պարենային անվտանգության համար՝ հետագա բնապահպանական ռիսկն ավելացնելով: Բաց չենք թողնի, հիմա կվտանգենք պարենային անվտանգությունը՝ խորացնելով սոցիալական ճգնաժամը:
Բարդ խնդիրները չեն ունենում պարզ լուծումներ, այստեղ կարևորը առաջնահերթություններն են: Երկարաժամկետ ռազմավարությունը դեպի ապագա է միտված, ոտնահարում է կարճաժամկետ կարիքները հանուն ապագա բարելավման: Կարճաժամկետ պլանավորումը միտված է լուծել ներկա խնդիրը, «իսկ հետո կհասկանանք, թե ինչ անել ապագա խնդիրների հետ»:
Կառավարությունը հինգշաբթի հաստատել էր Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը 210 մլն խմ-ի հասցնելու ծրագիրը, Աժ-ն էլ այսօր կողմ քվեարկեց դրան: Դե ինչ, ունենք կարճաժամկետ լուծում՝ հետագա կուտակվող խնդիրներով: Այս տարի գյուղացին աջակցություն ստացավ, էլ ճանապարհներ չեն փակվի սրա պատճառով: Թե ինչ կլինի հաջորդ տարիներին Սևանա լճի հետ, շարունակ մնում է ազգային անվտանգության խնդիր: