«Չերգված անցյալը». դերասան, ռեժիսոր Արման Նշանյանը շուտով կսկսի իր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, հայ և թուրք աղջիկների ընկերությունն ու Համիդյան ջարդերի ժամանակահատվածը։ Պատասխանելով BlogNews.am-ի հարցերին՝ Արմանը հետաքրքիր մանրամասներ է բացահայտել ֆիլմի մասին:

 

Արման, նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ եք նկարահանում։ Կպատմե՞ք թեմայի ընտրության մասին, ինչի՞ն է անդրադառնում ֆիլմը և ի՞նչ խնդիրներ է վեր հանում:

- Թեման մեկը չէ, այլ մի քանիսը և բոլորն էլ՝ շատ կարևոր։ Պատմության հեղինակն ամերիկահայ արվեստասեր Սիրվարդ Կավուկչյանն է, որի հետ մենք մշակութային տարբեր ծրագրեր ենք իրականացրել և դեռ պետք է իրականացնենք։ Նա այս պատմությունը, որը, ինչպես ինքն է ասում, իր կյանքի ամենանպատակային գործն է, լիովին վստահել է ինձ, որ այն կյանքի բերեմ։ Ֆիլմի կարևորագույն թեմաներից առաջինն այն է, որ մենք մեր ֆիլմով ցանկանում ենք աշխարհի հանդիսատեսին ծանոթացնել մեծն Կոմիտասի կյանքին և երաժշտությանը, երկրորդ թեման, որը պատմությանը տվել է իր գեղարվեստական բնույթը և որը իրական դրվածքներից է վերցրած, ընկերական անձնանվեր սերն է երկու ընկերուհիների միջև, որոնք գալիս են տարբեր ազգություններից և կրոններից, և անտեսելով իրենց սեփական կյանքն ու անվտանգությունը՝ ընդմիշտ մնում են միմյանց հավատարիմ: Եվ իհարկե, մեր պատմության հիմքում ընկած է Անատոլիայում ապրող հայ ժողովրդի կյանքը 19-րդ դարի վերջից մինչև Համիդյան կոտորածը՝ 1894-96 թվականներին, որի ընթացքում մոտ 300 հազար հայ է կոտորվել: Հայերի ցեղասպանության մասին խոսելիս մեծամասնությունը նկատի ունի 1915թ. դեպքերը՝ չիմանալով, որ ավելի վաղ տեղի է ունեցել ևս մի մեծ ջարդ:

18581718_10155207969641544_178196245908949521_n

- Խոսենք դերասանական կազմի ընտրությունից։ Գիտեմոր պրոֆեսիոնալ դերասանների կողքին ինքնադրսևորվելու հնարավորություն են ստացել նաև սկսնակները:

- Լավ դերասանական կազմ է հավաքված։ Կոմիտասին մարմնավորելու է Սամվել Թադևոսյանը, Տաթև Հովակիմյանը կմարմնավորի հայ աղջկան, նրա ամուսնուն` Սոս Ջանիբեկյանը, Արևիկ Գևորգյանը թուրք աղջկա դերակատարն է: Ֆիլմում կխաղան նաև Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը: Դեռևս մի քանի գլխավոր դերեր կան, որոնք հաստատված չեն: Ուզում եմ հատուկ նշել երեխաների դերակատարների մասին: Ֆիլմի առաջին կեսն ամբողջությամբ նվիրված է Սողոմոնի՝ փոքրիկ Կոմիտասի մանկությանը, և մենք ունենք երեք հրաշալի երեխաներ, որոնցից մեկն արդեն գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ ունի, իսկ այս ֆիլմով մյուս երկուսն իրենց դեբյուտային մուտքը կանեն կինոաշխարհ: Ինձ համար, կարծում եմ, շատ յուրահատուկ պրոցես կլինի Սողոմոնի մանկության նկարահանման ընթացքը:

- Ի՞նչ առանցքային կերպարներ կան ֆիլմում, որոնց մասին այս պահին կուզենայիք խոսել:

- Ինչպես նշեցի, առանցքային կերպարներն այն երկու փոքրիկ աղջիկներն են՝ թուրք և հայ, որոնց մտերմությունը և ընկերական սերը հարատևում են իրենց կյանքի ամբողջ ընթացքում՝ չնայած ամենածանր դժվարություններին և արգելքներին: Մեկ այլ կարևոր կերպարներից մեկը երաժշտական տաղանդով օժտված որբուկն է՝ փոքրիկ Կոմիտասը, որի մանկության տարիների մասին նորից շատ քիչ բան գիտենք մենք բոլորս։

18301080_10155149709741544_1611794895034258045_n

- Ֆիլմում, եթե չեմ սխալվում, Կոմիտասի երաժշտությունն է հնչելու։ Ի՞նչ տեսանկյունից եք բացահայտելու վարդապետին բոլորիս համար:

- Վարդապետին՝ մեծն Կոմիտասին բացահայտելու է հենց իր երաժշտությունը, և ես վստահ եմ, որ այն հոգեպես կցնցի հանդիսատեսին՝ լինի հայ, թե օտարազգի։

- Խոսենք նաև ֆիլմի բյուջեի մասին, արդյո՞ք ծախստար է:

- Ցանկացած լուրջ ֆիլմ պահանջում է լուրջ ֆինանսական ներդրում: Իսկ մեր ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, ուստի ժամանակաշրջանի վերարտադրումն էլ ավելի մեծ ծախսեր է պահանջում:

- Ե՞րբ եք նախատեսում սկսել նկարահանումները, և ի՞նչ աշխարհագրություն է այն ընդգրկելու:

- Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի վերջին և գրեթե լիովին տեղի կունենան Արցախում: Ինձ համար շատ խորհրդանշական է այն փաստը, որ Համիդյան ջարդերի մասին պատմող ֆիլմը հենց այնտեղ է նկարահանվում, քանի որ հենց Արցախում մինչ օրս թշնամին փորձում է ավարտին հասցնել դեռ այն ժամանակ սկսած իր սև գործը:

10314701_10152508628586544_6719001795800228666_n.jpg

Ֆիլմը միայն հայաստանյա՞ն հանդիսատեսի համար է նախատեսվածթե՞ նպատակ ունեք նաև արտերկրի լսարանին գրավելու:

Ֆիլմի հիմքում ընկած է այս օրվա համաշխարհային ամենակարևոր հարցերից մեկը՝ կրոնական պատերազմը, որն ամենուր է, որը գրեթե միշտ էլ ժողովրդի պատերազմը չէ։ Ժողովուրդն անմեղ է, ժողովուրդը խաղաղասեր է, մարդասեր, և մենք հույս ունենք, որ այս ֆիլմը բազում կողմնակիցներ կգտնի աշխարհում և կարժանանա արտերկրի հանդիսատեսի հիացմունքին։

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել