Aravot.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր առավոտյան ժամը 11-ից Ախուրյանին միավորված 7 համայնքների՝ Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում էին հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ չեղյալ համարել խոշորացումը:

Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը, որը մարզի ամենաստեղծագործ, գործունյա գյուղապետերից էր, այսօր ևս համալրել էր բողոքավորների շարքերը:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Էսօրվա դրությամբ մենք ուզում ենք վերականգնել մեր սահմանադրական իրավունքը, մենք Սահմանադրությունից մի քայլ էն կողմ չենք կատարելու: Ինչպես համայնքները օրենքով միացրեցին, նույն Սահմանդրությունը թույլ է տալիս անջատելու: Եթե չգիտեն հոդվածները, ես կարող եմ ասել, բայց վստահ եմ, որ գիտեն: Մեր պահանջը հետևյալն է՝ համայնքները, ինչպես մի տարի առաջ խոշորացրել են՝ մեզ արհամարհելով, անտեսելով, առանց հանրային լսումների, առանց բնակիչների հետ շփվելու, առանց մեզ հաշվի առնելու, մենք խնդրում ենք շատ հանգիստ անջատել: Շնորհակալ ենք այսօրվա իշխանություններից, որովհետև մեր մարած, քանդած ձայնը էսօր բարձրացրել են: Սահմանադրության 3-րդ կետը սահմանում է մարդը գերագույն արժեք է, այդ կետը վերցված է Աստվածաշնչից, Աստված մարդուն ստեղծեց և ամեն ինչ տվեց, էսօր մենք հեռուսատեսությամբ լսում ենք՝ պահպանվում է շան իրավունք, ծառի իրավունք, թփի իրավունք, ջրի իրավունք, հանքի իրավունք, մարդը` բարձրագույն արժեք, իրավունք չունի՞ էսօր»:

Նա ասաց, որ իրենք ժամանակին ստորագրահավաք էին արել՝ դեմ կանգնելով գյուղերի միավորմանը, սակայն հաշվի առնող չի եղել: «Էսօր մեր տղաներին մեծացնում ենք դժվարությամբ, վարկերով, մարդ ենք սարքում, հարսանիքները վարկով ենք անում, բանակ ուղարկելը վարկով ենք անում, մեր երեխան պարտադիր է ծառայի սահմանին, բայց մենք իրավունքներ չունե՞նք»,- ասում է նախկին գյուղապետը:

Ըստ նրա` Սահմանադրության 190 հոդվածը հնարավորություն է տալիս անջատել համայնքները՝ Ազգային ժողովի լսումներով:

Նա նշեց նաև, որ իրենք հակահեղափոխականներ չեն: «Մենք Նիկոլ Փաշինյանի ցավը տանեք, իրա կողքը կանգնած ենք, բայց մեզ պիտի լսեն, մեր պահանջն արդարացի է, ժամանակին մեզ չեն լսել, ցույց են տվել, որ իրենց դեմ խաղ չկա», -ասում էր Համլետ Պետրոսյանը:

 

Բողոքավորները նաև ասացին, որ յուրաքանչյուր գյուղ կուզենա ունենալ իր ղեկավարը, որը կծառայի ժողովրդին:

Բասենի մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ ինքը խաբար չի եղել խոշորացումից, իրեն հարցնող չի եղել: «Նախկինում վերաբերմունք եմ տեսել, գործ եմ տեսել, մեր հարցերը հոգում էին, իսկ հիմի՞: Ես խնդրում եմ իմ խոսքը հասցնել Նիկոլ Փաշինյանին, արի մի հատ էս համայնքների վիճակը տես, առաջին տղեն ես կլինեմ, որ կկանգնեմ՝ կըսեմ, հեչ բան չի փոխվել », -ասաց երիտասարդներից մեկը:

Գյուղացիները նշում են, որ մի տեղեկանքի համար փոխ են ծախսում, հասնում են Ախուրյան: Կամոյի բնակիչներն ասացին, որ իրենց ճանապարհներն ահավոր վիճակում են, հարկերը հավաքվում են, բայց սարքող չկա: «Լուբոյ հախ ու հաշիվը կմուծեմ, ո՞ւր կերթան իմ փողերը: Ամենքն իրա գրպանի համար կենե, ժողովրդի համար գործ անող չկա», -նեղվեց Կամոյի բնակիչներից մեկը:

Բողոքավորներից մեկն էլ նախազգուշացրեց՝ իրենց խնդրին լուծում չտալու դեպքում կհրաժարվեն հարկերը վճարելուց: «Ճանապարհների հարցը չեղավ, մանկապարտեզի հարցը չեղավ, կլուբի հարցը չեղավ, ոռոգման ջրի հարցը չեղավ»,- ասացին Կամոյի բնակիչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել