Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը, և այլ թեկնածություններ էին առաջարկում:

Այս հայտարարությունը ուշագրավ է և արժանի ավելի մանրամասն վերլուծության:

Նախ՝ կարծում եմ՝ Բելառուսի նախագահը մինչև վերջ չի բացել թեման, և առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել, առհասարակ, Հայաստանի նախագահությանն այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող:

Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին՝ հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար:

Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը և դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների վրա և խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը:

ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին և Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում:

Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել