Դերասան Էդգար Իգիթյանը երեկ մկրտվել է: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ մկրտվելու ցանկություն վաղուց ուներ, բայց միայն վերջերս կարողացավ իրականացնել այն. «Վաղուց էի ուզում մկրտվել, քանի որ ինքս հավատում եմ Աստծուն, բայց չէր ստացվում: Օրեր առաջ որոշեցինք ու մի քանի օրում պատրաստվեցինք արարողությանը: Որոշմանս նպաստեց նաև այն, որ շուտով պետք է ամուսնանամ, ու պսակադրության արարողության համար դա պարտադիր պայման է»:
Արարողությունը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայի նորաբաց Սուրբ Խաչ եկեղեցում. «Անհամբեր սպասում էի այդ եկեղեցու բացմանը, շատ գեղեցիկ ու աստվածային վայր է: Անպայման ցանկանում էի այնտեղ ստանալ Աստծո օրհնությունը»:
Դերասանը մկրտվել է հայտնի դիզայներ Արփինե Կոշտոյանի ու նրա ամուսնու քավորությամբ, ով Էդգարի մանկության ընկերն է. «Քավորի ընտրության համար երկար չեմ մտածել: Հայկը մանկությանս ընկերն է, միասին նաև դպրոցում ենք սովորել, ամենահարազատ մարդկանցից է ինձ համար, ու նրա ընտանիքի հետ կապը երբեք չենք խզելու»,- ասած Էդգարն ու հավելեց, որ չի բացառվում, որ հայտնի դիզայների ընտանիքը նաև իր հարսանիքի քավորը լինի:
Էդգարի զգացողություններն ու էմոցիաները տարբեր են Աստծո օրհնությունը ստանալուց առաջ և հետո. «Իմ մեջ միշտ եղել է հավատը, բայց երեկվանից հետո մի տեսակ ավելի հանգիստ եմ ու Աստծուն ավելի մոտ եմ զգում: Միանշանակ, փոփոխություն կա»:
Էդգարի մկրտությանը միայն ամենահարազատ մարդիկ են ներկա եղել: Մեծ խնջույք չեն կազմակերպել: Արարողությունից հետո Երևանի ռեստորաններից մեկում շնորհավորել են միմյանց ու հաճելի երեկո անցկացրել: