Նայեք, փաստորեն չկա մի ուղղություն (թերևս, բացի արտաքին գերատեսչություններից), որտեղ պրոբլեմները չգերակայեն լուծումների նկատմամբ: Օրինակ, հեռու չգնանք, հասարակ անձրևը կարող է պարալիզացնել մեր «Ապահով Երևանը»: Միայն չասեք՝ դե, ի՞նչ է եղել որ, ամբողջ աշխարհում սենց դեպքեր շատ են լինում: Չասեք, որովհետև, երբ նայում ես նրանց անձրևի հորդառատությանը և ծավալին ու համեմատում ես մեր մոտ տեղած անձրևների հետ, հասկանում ես, որ մեր մոտ կարելի է ասել ոչ թե անձրև է տեղում, այլ թեթև ջուր է կաթում ամպերից: Տնտեսություն կարելի է ասել չունենք, արտաքին պարտքերը օր օրի ավելանում են, արտագաղթում են արդեն միջին խավի ներկայացուցիչները: Դատաիրավական համակարգը կարողանում է պատժել միայն անապահով խավի դասին պատկանող հանցագործներին: Թոշակները ծիծաղելի չափերի են հասնում, օրինակ՝ 3-րդ կարգի հաշմանդամը, եթե ստաժ չունի, ստանում է 13200 դրամ (այստեղ ամենահատկանշականն այն է, որ հաշմանդամի թոշակի չափը ընդհանրապես չպետք է կախված լիներ ստաժից, քանզի այսօր առողջները չեն կարողանում գտնել աշխատանք, ուր մնաց հաշմանդամները): Ամբողջ ազգի մեծ մասը պարտք է բանկերին, մյուս մասն էլ պատրաստվում է պարտք վերցնել: Գազը թանկանում է, դրա հետ կապված թանկանալու է ամեն ինչ: Աշխատավարձները, եթե բարձրանան էլ, կրելու է զուտ սիմվոլիկ բնույթ: Երկրում չկա իրական մինիմալ զամբյուղի գաղափար: Դեղերը օր օրի թանկանում են անկախ գազից… Խորանում է անջրպետը կայացածների և չկայացածների միջև:


Հ.Գ. Ինձ թվում է` էլ հարկ չկա շարունակել, քանզի երկիրը «կործանված է», ուղղակի sos ազդանշանն է ուշանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել