Մի կողմից՝ դա բնական է, քանի որ «հեղափոխությունների» արդյունքում «յուրային»-«ոչ յուրային» բաժանումը հաճախ շատ լուրջ ճնշում է գործադրում կարճ ժամանակում գործադիրում նշանակումներ անելու վրա, ու նշանակումների մի զգալի մասն արվում է «վստահելիության ու հեղափոխությանը մասնակից լինելու» ցենզով:
Սա օբյեկտիվորեն հասկանալի, բայց, իհարկե, ընդունելի մոտեցում չէ: Դա հիմնականում իրավիճակային լուծում է: Չմանրամասնեմ:
Մյուս կողմից՝ «հեղափոխություն-իշխանափոխությունը» երկար գործընթաց է, որը եթե պատշաճ շարունակություն ունենա, ապա առաջին փուլի կադրային նշանակումները հավանաբար ընտրություններից հետո կվերախմբագրվեն:
Չմոռանանք, որ ներկա գործադիր իշխանությունն ընտրությունների արդյունքում չի ձևավորվել, այլ արդյունք է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության, ու երբ տեղի ունենան ԱԺ նոր ընտրություններ, ապա ներկա գործադիրի ուրվագծումները կարող են և որոշակի փոփոխություններ կրել: Իսկ դա նշանակում է, որ «վարչապետի թիմը» ոչ միայն պետք է ինքնակատարելագործվի, ֆիլտրվի, այլև ռացիոնալության դիրքերից ֆիքսի, որ կառավարումը պրոֆիների ու ոչ թե «հեղափոխական-չհեղափոխականների» գործն է:
Եթե քաղաքական նպատակահարմարությունն անգամ գալիք ընտրություններից հետո դառնա կադրերի ընտրության դոմինանտ հիմքը, ապա պետության զարգացման ու անվտանգության օրակարգը կարող է լրջագույն խնդիրների առջև կանգնել, որտեղ ոլորտի պատասխանատուներն ուղղակի չեն իմանա ինչ անել: Ու մասնագիտացված PR հիմնարկներն ու մեդիա մանիպուլյացիաները չեն օգնի: Սա ռիսկ է, որ պետք է արդեն այսօր հաշվի առնեն: