Գագիկ Ծառուկյանի բացառիկ հարցազրույցը «zham.am»-ին.
- Պարո՛ն Ծառուկյան, Ձեր վերջին ձևակերպումները ԲՀԿ-ի` ընդդիմություն լինել-չլինելու վերաբերյալ, որոշ քաղաքական և լրատվական շրջանակներում բուռն քննարկումների առիթ դարձան: Չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կա ավելի հստակեցնել Ձեր դիրքորոշումը:
- Մի քանի առիթներով ասել եմ, որ ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ: Դա այդպես է, և ես չեմ էլ հավակնում այդպիսին դառնալու: Այսօր ուզում եմ ահա այս միտքը զարգացնել. Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որևէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ: Որոշ քաղաքական ուժերի վարած հրապարակային քաղաքականությունն ու ստվերային պայմանավորվածությունները եւ պարտավորությունները այնպիսի հակասության մեջ են, որ քաղաքացին իրավացիորեն խորը հիասթափություն է ապրում քաղաքական բոլոր ուժերից և չի վստահում նրանց: Դասական ձևակերպումներով շատ դժվար, եթե ոչ՝ անհնար է բնութագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Ի՞նչ դասական ձևակերպում տաս արտագաղթի, աղքատության բարձր ցուցանիշներին, բիզնես և ներդրումային մթնոլորտի վատթարացմանը, համատարած հուսալքությանը:
Հայաստանն ընդհանրապես դասական տիպի քաղաքական համակարգով երկիր չէ: Մեզ մոտ մեծ է թշնամանքը, անջրպետն ու անվստահությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ: Այդ ամենը, բնականաբար, ազդում է նաեւ մարդկային փոխհարաբերությունների վրա, որից չի շահում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը: Ես իմ բնույթով եւ իմ տեսակով պարզ ու անկեղծ մարդ եմ, չունեմ թշնամիներ եւ ուզում եմ գիտակցենք, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավում եւ ճակատագրով կապված ենք միմյանց:
-Այնուհանդերձ, այս պայմաններում ո՞րն է ԲՀԿ-ի տեղն ու դերը ներկա քաղաքական դաշտում:
-Նախևառաջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ սկզբունքով են առաջնորդվում քաղաքական ուժերը և քաղաքական լիդերները: Ինձ համար քաղաքականության մեջ ամենաառանցքային սկզբունքներից մեկը պատասխանատվությունն է, այդ թվում՝ անձնական և թիմային պատասխանատվությունը: Ես ինձ մեծապես պատասխանատու եմ համարում իմ ասած խոսքերի, իմ կատարած քայլերի, իմ ներկայացրած ծրագրերի, իմ տված խոստումների համար: Ես ունեմ պատասխանատվության մեծ զգացում յուրաքանչյուր իրական ընտրողի, ինձ և իմ թիմին վստահած հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ, և վերջապես՝ ես ունեմ հստակ պատասխանատվություն իմ պետության և իմ ժողովրդի առաջ:
Դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն հայտարարեց, որ ունի էական եւ լուրջ տարաձայնություններ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ: Մենք հանրությանը ներկայացրինք հակափաստարկների և այլընտրանքային ծրագրերի մեծ փաթեթ: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն, ինչը մեզ հնարավորություն չտվեց, սակայն, կազմելու մեր նախանշած լայն համախմբման կառավարությունը: Այս պայմաններում ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել իշխող կառավարող կոալիցիայի, քանզի մենք պայքարում էինք ոչ թե պաշտոնների, այլ մեր ծրագրերը կյանքի կոչելու, իրականացնելու համար:
Ծրագրեր, որոնցից, անշուշտ, կշահեր միմիայն ժողովուրդը: Որևէ պաշտոն ինձ ու իմ քաղաքական թիմի համար ինքնանպատակ չէ: Մենք կամովին հրաժարվեցինք նախարարական աթոռներից, մարզպետների և այլ պաշտոններից: Սա եղել է մեր գիտակցված ընտրությունը: Այսպիսով, մենք փաստում ենք, որ մաս չենք իշխանության և հետևաբար պատասխանատվություն չենք կրում այս կառավարության գործունեության համար:
Ծրագրեր, որոնցից, անշուշտ, կշահեր միմիայն ժողովուրդը: Որևէ պաշտոն ինձ ու իմ քաղաքական թիմի համար ինքնանպատակ չէ: Մենք կամովին հրաժարվեցինք նախարարական աթոռներից, մարզպետների և այլ պաշտոններից: Սա եղել է մեր գիտակցված ընտրությունը: Այսպիսով, մենք փաստում ենք, որ մաս չենք իշխանության և հետևաբար պատասխանատվություն չենք կրում այս կառավարության գործունեության համար:
Մյուս կողմից՝ ես ուզում եմ նշել, որ անվստահության եւ թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության եւ փոխվստահության մթնոլորտ: Եվ այս հարցում ԲՀԿ-ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում: Հավատացե՛ք, սա բարդ և ինչ-որ տեղ նաև անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա կամ չեն ցանկանա հասկանալ։ Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ–ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղ լիներ, ինչպես այսօր հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը։
Որտե՞ղ են հիմա նախկին մի խումբ կատաղի ընդդիմադիրները։ Ես անկեղծ եմ ժողովրդի հետ։ Ես իրոք փոփոխություն եմ ուզում և ամեն ինչ անում եմ եւ անելու եմ այդ փոփոխություններին հասնելու համար։ Ես նաև ուզում եմ, որ այդ փոփոխությունները արյունով չլինեն, ցնցումներով չլինեն, մեր քաղաքացու անվտանգության հաշվին չլինեն։ Մենք տեսել ենք, թե իրենց ընդդիմադիր հռչակած որոշները ինչպես են շատ կարճ ժամանակի ընթացքում հայտնվում հակառակ բեւեռի առաջամարտիկների շարքում։ Հիմա ո՞րն է ավելի ազնիվ և արդյունավետ՝ հայտարարել ընդդիմություն, սակայն բացի ճառ ասելուց այլ բան չանե՞լ, ժամանակ առ ժամանակ էլ ծառայել իշխանությանը, թե՞ լինել այլընտրանք և առաջ տանել ժողովրդի շահը։ Խոսքս, իհարկե, բոլոր ընդդիմադիր ուժերին չի վերաբերում։ Փառք Աստծո, դեռ կան առողջ ուժեր և գործիչներ, ում համար առաջնայինը ժողովրդի շահն է։
Որտե՞ղ են հիմա նախկին մի խումբ կատաղի ընդդիմադիրները։ Ես անկեղծ եմ ժողովրդի հետ։ Ես իրոք փոփոխություն եմ ուզում և ամեն ինչ անում եմ եւ անելու եմ այդ փոփոխություններին հասնելու համար։ Ես նաև ուզում եմ, որ այդ փոփոխությունները արյունով չլինեն, ցնցումներով չլինեն, մեր քաղաքացու անվտանգության հաշվին չլինեն։ Մենք տեսել ենք, թե իրենց ընդդիմադիր հռչակած որոշները ինչպես են շատ կարճ ժամանակի ընթացքում հայտնվում հակառակ բեւեռի առաջամարտիկների շարքում։ Հիմա ո՞րն է ավելի ազնիվ և արդյունավետ՝ հայտարարել ընդդիմություն, սակայն բացի ճառ ասելուց այլ բան չանե՞լ, ժամանակ առ ժամանակ էլ ծառայել իշխանությանը, թե՞ լինել այլընտրանք և առաջ տանել ժողովրդի շահը։ Խոսքս, իհարկե, բոլոր ընդդիմադիր ուժերին չի վերաբերում։ Փառք Աստծո, դեռ կան առողջ ուժեր և գործիչներ, ում համար առաջնայինը ժողովրդի շահն է։
- Պարո՛ն Ծառուկյան, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ստացավ զգալիորեն ավելի շատ ձայն, քան «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Եվ ոչ իշխանական ուժերը այդքան էլ լավ ցուցանիշ չգրանցեցին: Ի՞նչն է, Ձեր կարծիքով, դրա պատճառը. ընտրական մեխանիզմի անարդար գործունեությունից բացի, արդյոք քաղաքական ուժերն իրենց մեղքի բաժինը չունե՞ն:
- Ես կլինեմ անկեղծ: Սա փաստ է, որը ինձ բնավ չի ուրախացնում: Սա խոսում է հայաստանյան քաղաքական դաշտի խորքային խնդիրների մասին: Եվ հենց դրա պատճառով է, որ արձանագրվում են նման արդյունքներ: Սրանք երևույթներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Իմ համոզմամբ` հայաստանյան քաղաքական ուժերը էական բարեփոխումների, փոփոխությունների կարիք ունեն: Խոսքը ծրագրային, կադրային, կառուցվածքային փոփոխությունների մասին է: Նման փոփոխությունների, վստահեցնում եմ ձեզ, ենթարկվելու է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Մենք շատ լավ գիտակցում ենք պետության և ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվությունը և մեր ներքին փոփոխությունները լինելու են դրանց համահունչ:
- Պարո՛ն Ծառուկյան, կարելի՞ է ասել, որ այսօր կուսակցությունները լուրջ ճգնաժամ են ապրում:
- Ցավոք սրտի, ձեր գնահատականը մոտ է իրականությանը։ Երկրի բարեփոխման համար անհրաժեշտ է, որ բարեփոխվեն նաեւ կուսակցությունները, եւ դա վերաբերում է նաեւ ԲՀԿ-ին: Մենք պետք է բաց ու անկեղծ խոսակցություն սկսենք այս խնդրի շուրջ, պետք է ավելի հաճախ շփվենք միմյանց հետ, պետք է փորձենք ընդհանուր օրակարգեր ձեւավորել՝ հասարակությանը հուզող հիմնական խնդիրների վերաբերյալ:
- Այսինքն, Դուք դժգո՞հ եք ձեր քաղաքական թիմից:
- Ընդհակառակը, ես գոհ եմ հատկապես իմ քաղաքական թիմից, և փոփոխությունները միտված են լինելու հենց քաղաքական կորիզի ուժեղացմանը: Ես շատ մոտ ապագայում ԲՀԿ-ն պատկերացնում եմ այնպիսի մի ուժ, որը ցանկացած կարևորագույն խնդրի շուրջ առավել առարկայական կներկայացնի իր մոտեցումները, հանրությանը պարբերաբար կներկայացնի կառավարության քայլերին այլընտրանքային, հիմնավորված, փաստարկված ծրագրեր: Իսկ եթե կառավարությունը կանի ճիշտ քայլեր, մենք դրանք կողջունենք, քանզի մենք ինքնանպատակ երբեք չենք հակադրվել։ Այս ամենը պետք է արվի ամենօրյա դժվարին աշխատանքով, սկզբունքային եւ արդար դիրքորոշումներով: Միայն ահա այս կերպ է հնարավոր ստանալ ժողովրդի վստահությունը: Ես ուրիշ ճանապարհ չգիտեմ: Մնացած ճանապարհները ինձ խորթ են: Եվ, իհարկե, մեկ տարի առաջ իմ կողմից հնչեցրած բանաձևը ուժի մեջ է, և ես այն շարունակում եմ համարել առանցքային. որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ լուծել երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներն ու խնդիրները, և ԲՀԿ-ն կողմ է իրական, լայն քաղաքական –հասարակական համախմբման: Մեր թշնամիները կոնկրետ մարդիկ չեն: Մեր թշնամին երկրում տիրող վիճակն է: Մեր թշնամին կոռուպցիան է, անարդարությունն է, աղքատությունը, արտագաղթն ու հուսալքությունն է:
- Առաջիկայում ընտրություններ չկան: Արդյոք սա չի՞ բերի քաղաքական պասիվության:
- Ես կարծես թե ձեր հարցին արդեն պատասխանեցի։ ԲՀԿ-ի համար սա ավելի ակտիվ, առավել մեծ եռանդով աշխատանքի փուլ է: Օգտվելով ձեր հարցից՝ ես կցանկանայի շեշտել ևս մեկ խնդիր, որը ընդհանրական է բոլոր քաղաքական ուժերի համար՝ խոսքը նոր, առողջ և իրատեսական քաղաքական օրակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին է: Ես տեսնում եմ խորը անջրպետ ժողովրդին հուզող խնդիրների, հոգսերի եւ քաղաքական կուսակցությունների օրակարգի, քայլերի և գործունեության միջև: Ասեմ ավելին, այդ խորը անջրպետն ակնհայտորեն նկատվում է նաեւ հասարակական, փորձագիտական, լրատվական-վերլուծական շրջանակների մոտ եւս: Բամբասանքը, մանր պատվերներն ու ինտրիգները դարձել են օրակարգային հիմնական խնդիրը: Նայե՜ք, թե ինչով է զբաղված մեր հասարակության ակտիվ մասը: Չկա ահազանգ, չկա պետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրները վեր հանելու, քննարկելու ո՛չ փորձ, ո՛չ ցանկություն: Ես երբեմն մտածում եմ՝ գուցե իրոք շատերը չեն գիտակցում այն խնդիրների լրջությունն ու ծավալները, որոնք կանգնած են այսօր մեր պետության և ժողովրդի առջեւ:
Ես մշտական կապի մեջ եմ արտերկրում հայկական խոշոր համայնքների ղեկավարների հետ: Վիճակը ողբերգական է. 10 տարի հետո այսօր արտագաղթած երեխաները հայերեն չեն խոսելու, ձուլվելու են: Այսօր արդեն ինքնության կորուստ է նկատվում: Ես խոսել եմ արտերկրում ապրող հարյուրավոր հայ խոշոր գործարարների հետ, ովքեր պատրաստ են հայրենիքում ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, բայց չեն շտապում, քանզի ունեն մտավախություններ: Ես ամենօրյա շփումների մեջ եմ փոքր ու միջին ձեռներեցների հետ՝ անհեռանկար, հուսալքված մթնոլորտ է: Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մեր անմիջական հարևանը Իրանն է՝ երկիր, որի շուրջ միջազգային լարվածությունը մեծանում է: Մեր հարևան Վրաստանում նոր իշխանություններ են, որոնց հետ կարելի է և պետք է արդյունավետ աշխատել: Նման բարդ խնդիրների ցանկը կարելի է մեծացնել: Ես ուզում եմ հասկանալ` որտեղ են քննարկվում այս խնդիրները: Կուսակցական համագումարներու՞մ, կոնֆերանսներո՞ւմ, իշխանական միջանցքներո՞ւմ, քաղաքագետների շրջանո՞ւմ, միջկուսակցական հանդիպումներո՞ւմ, խորհրդարանո՞ւմ, զանգվածային լրատվամիջոցներո՞վ: Թե՞ այլ տեղ: Պատասխանը գոնե ինձ համար տեսանելի չէ: Մինչդեռ, այս խնդիրների քննարկումն ու լուծումների առաջարկումը շատ ավելի կարեւոր է մեր պետության համար, քան այն ինտրիգներն ու խիստ արհեստական օրակարգի իմիտացիան, թե ով է ավելի ընդդիմադիր, իսկ ով` պակաս: Սա է իմ մոտեցումը:
- Կա տեսակետ, որ Յուրիկ Վարդանյանին սպորտի նախարար նշանակելուց հետո Դուք կդադարեցնեք մարզաշխարհին ցուցաբերվող Ձեր անձնական օգնությունը…
- Այն պահից, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մաս կազմել կառավարող կոալիցիային, անկեղծ ասած, ես ունեմ զրոյական հետաքրքրություն, թե ով ինչի նախարար է: Հաջորդը` Ձեր հարցին պատասխանեմ հարցով` իսկ ի՞նչ է, ձեզ թվում է, թե նախկինում ես օգնել եմ մեր մարզաշխարհին նախարարների խաթե՞ր կամ շնորհի՞վ: Իհարկե, ո՛չ: Այնպես որ, իմ ծրագրերում այս առումով որևէ բան չի փոխվելու՝ ինչին դուք ականատես կլինեք առաջիկայում: Ես շարունակելու եմ կառուցել մարզական դպրոցներ, օգնել մեր տաղանդավոր մարզիկներին և մարզիչներին, մեր տաղանդավոր երեխաներին: Իսկ եթե հարցին ավելի լայն նայենք, ապա ասեմ, որ Սպորտի նախարարություն Հայաստանին երևի այնքան էլ պետք չէ: Պետական միջոցների խնայողություն կլիներ, և սուղ միջոցները կարելի կլիներ առավել արդյունավետ տնօրինել: Ի դեպ, նույնը վերաբերում է մի քանի նախարարությունների եւս:
Նյութի աղբյուր՝ http://zham.am/am/news/6319.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել