Լավ մարդիկ ավելի շատ են, քան վատերը։ Կարծում եմ։ Այդ լավ, բայց ռազմական գործից հաճախ լրիվ անտեղյակ մարդկանց կարծիքով զինվորն ու սպան պիտի լինեն հայրենասեր, կիրթ, վեհ, օրինապահ, խստապահանջ ու կարգապահ, բայց միաժամանակ և բարի, միաժամանակ նաև «մարդկային մոտեցում ունեցող» ու «հասկացող»։ Շատերը նաև համոզված են, որ հրամանատարը պիտի թեպետ խիստ, բայց արդար հոր (կամ նույնիսկ ավագ եղբոր) պես վերաբերվի իր ենթակաների հետ։
Իրենք համոզված են նաև, որ Հայաստանում ինչ-որ տեղ տասնյակ հազարավոր այդպիսի հայրենասեր, կիրթ, վեհ, օրինապահ, խստապահանջ ու կարգապահ, միաժամանակ բարի... մի խոսքով՝ իդեալական մարդիկ կան, որոնք պատրաստ են ծառայել հայրենիքին, ուղղակի ՊՆ-ում այդ մարդկանց տեղը երևի չգիտեն։
Ցավոք, իրականությունը մեղմ ասած շատ տարբեր է։ Զինծառայողին ներկայացվող ամենակարևոր ու հիմնական պահանջը հետևյալն է. արդյունավետ կատարել իր առջև դրված խնդիրները։
Այդ պահանջի կատարման ձևերից է, օրինակ՝ շարքից հանել հակառակորդին առավել արդյունավետ ձևերով (այդ թվում՝ սպանելով, խեղելով, խաբելով, վախեցնելով)։ Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ այն մարդը, ով տարիներով հմտանում է սպանելու, խեղելու և խաբելու արվեստում, հաստատ մի քիչ այլ հոգեբանություն ունի, քան Երևանի կենտրոնում իր ապահով բնակարանում համակարգչի դիմաց բազմած ու Ֆեյսբուքում հերթական փիլիսոփայական թեժ բանավեճին մասնակցող մարդը։
Ռազմի դաշտում հաճախ հանդիպող մեկ այլ խնդիր է սեփական կորուստները նվազագույնին հասցնելը։ Ընդ որում պետք է հիշել, որ շատ դեպքերում այդ խնդիրը ստորադաս է առաջին՝ մարտական խնդրի արդյունավետ լուծման պահանջին։ Ավելին՝ սեփական կորուստների նվազեցումը կարող է իրականացվել հրամանատարի ընտրությամբ, երբ հրամանատարը պիտի որոշի, թե իր զինվորներից ով է առաջինը զոհվելու, որպեսզի այդ զոհվելով խնդիրն առավել արդյունավետ լուծվի։ Այսինքն՝ կան իրավիճակներ, երբ հրամանատարն ուղղակի պարտավոր է իր ենթականերից մի մասին ուղարկել հաստատ մահվան, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ խաբելով կամ բռնի ուժով։
Դա չի նշանակում, որ լավ զինծառայող լինելու համար պետք է վատ մարդ լինել։ Բնականաբար՝ ոչ։ Բայց պետք է հասկանալ, որ այնպիսի ճնշումների տակ, ինչպիսին ռազմական ոլորտում են լինում, երևի տասը հազարից միայն մեկը կարող է մնալ այնպիսի առասպելական դրական կերպար, ինչպես իրենից են պահանջում։
Բա լավ, ի՞նչ անել։ Նախևառաջ՝ մինչև հրապարակայնորեն վատանալն ու այլոց անիրական պահանջներ ներկայացնելը (առավել ևս, երբ ինքդ սովորական մահկանացու ես՝ նման իդեալական կերպարից շատ հեռու), փորձել ինքնակրթվել ու, մի կողմ դնելով հույզերը, փորձել մի քիչ ավելի խորը մտնել թեմայի մեջ։ Ժամանակին հենց այդ նկատառումներից ելնելով ստեղծեցինք Razm.info-ն և սկսեցինք ռազմա-քաղաքական ոլորտի մասին գիտելիք տվող երեկոյան դպրոցներ անցկացնել։ Ու ինքներս էլ այնքան բան սովորեցինք (ու շարունակում ենք սովորել) այս երկու տարում, որ ասելու չի։ Ընդհանրապես՝ ռազմական ոլորտն այն ոլորտներից է, ուր նույնիսկ շատ բարի մղումներից գործելով էլ կարելի է ահավոր մեծ վնասներ տալ. շատ կոնկրետ, մարդկային կյանքերով չափվող վնասներ։
Ընդհանրապես. ուզո՞ւմ եք մի բան փոխել որևէ ոլորտում։ Առաջին քայլը պիտի սովորելն ու ուսումնասիրելը լինի։ Ինչպես ասում էր հեղափոխական Կարլ Լիբկնեխտը. «Սովորել, քարոզել, կազմակերպել»։ Այլ արդյունավետ ճանապարհ չկա։
Հ.Գ. Ռազմինֆոյի ֆեյսբուքյան էջում նույնիսկ էջի կազմի (cover photo) միջոցով ենք փորձում ռազմարվեստի մասին օգտակար տեղեկություններ տալ։ Հետևեք էջին, գոնե կազմերը աչքի տակով անցկացրեք։ Օրինակ՝ այս նկարը նայեք։