Ինտեգրացիոն գործընթացների համատեղումը Հայաստանի համար մշտապես եղել է արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրներից մեկը՝ պահանջող նուրբ դիվանագիտություն և հատուկ ճկունություն։ Արդյունքում, Հայաստանին այսօրվա դրությամբ հաջողվել է հնարավորինս բալանսավորված քաղաքականություն վարել թե՛ Եվրոպայի, թե՛ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ կյանքի կոչելով եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համատեղման կամ, այսպես կոչված, «և-և»-ի քաղաքականությունը։
Այս քաղաքականության ողջ բազմաշերտությունը և բարդությունը կայանում է միմյանց հետ մրցակցող և միմյանց հանդեպ պատժամիջոցներ կիրառող ՌԴ-ի և ԵՄ-ի հետ այնպիսի համագործակցություն կառուցելու մեջ, որը մի կողմից չի հարուցի ՌԴ «խանդը»՝ որպես ռազմավարական դաշնակցի, հնարավորություն կտա Հայաստանին լուրջ ընկալվելու ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում՝ մեծացնելով սեփական դերակատարումը կառույցներում, մյուս կողմից՝ թույլ կտա ԵՄ-ի հետ համագործակցությամբ երկրում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ ու հավատարիմ մնալ եվրոպական արժեհամակարգին։
2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» առաջին հերթին հարցականի տակ դրեց հենց այս բալանսները։ Ի սկզբանե և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն ու եվրասիական մյուս գործընկերները որոշակի մտավախությամբ էին հետևում «թավշյա հեղափոխությանը»՝ սպասելով աշխարհաքաղաքական շրջադարձերի։ Թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն սպասում էին կտրուկ շրջադարձի դեպի ԵՄ և ԱՄՆ՝ հատկապես հաշվի առնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի նախորդ հայտարարությունները։ Եվ չնայած Փաշինյանի և Հայաստանի նոր իշխանությունների հայտարարություններին առ այն, որ հեղափոխությունն աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, և Հայաստանը պահպանելու է արտաքին քաղաքականության շարունակականությունը, կողմերի սպասումներն ու մտավախությունները դեռևս չեն չեզոքացվել։ Այդ մասին են վկայում Փաշինյանի պաշտոնավարման առաջին 100 օրերին տեղի ունեցած մի շարք իրադարձությունները։
Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, շտապեց մեկնել Սոչի և հանդիպել ՌԴ նախագահ Պուտինին և վստահեցնել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններին ոչինչ չի սպառնում, ռուսական կողմի կասկածները չփարատվեցին։ Իրավիճակը չփոխվեց նաև երկրորդ այցից հետո։ Ավելին՝ ՌԴ-ն սկսեց անուղղակի ազդակներ հղել Հայաստանի նոր իշխանություններին՝ զգուշացնելով Մոսկվայի հետ հարաբերությունների վատացման հնարավոր հետևանքների մասին։ Նման ազդակների թվին կարելի է դասել ռուսական մամուլի և փորձագետների մակարդակով պարբերաբար հնչող մի շարք հայտարարությունները, ՀՀ իշխանությունների հասցեին արվող ոչ հարգալից դիտարկումները, ինչպես նաև ռուս փորձագետների այցն Ադրբեջան ու Լելե Թեփե, ռուսական զորքերի զորավարժությունները հայկական բնակավայրում և այլն։
ՌԴ նման վերաբերմունքը տարածվեց նաև ԵԱՏՄ գործընկերների շրջանում։ Խորհրդանշական է, որ, չնայած նրան, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին Դուշանբեում մասնակցեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին և հայտարարեց, որ այսուհետ ինքն է ներկայացնելու Հայաստանն այդ ձևաչափում, հուլիսին նույն ձևաչափի հանդիպմանը ԵԱՏՄ գործընկերների պահանջով ստիպված եղավ մասնակցել անձամբ ՀՀ վարչապետ Փաշինյանը։
Իրավիճակին լրացուցիչ բացասական երանգ հաղորդեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը և նրա ձերբակալությունը։ ՌԴ և ՀԱՊԿ մյուս գործընկերների կողմից սա ընկալվեց որպես հարված կառույցի հեղինակությանը, և ՌԴ ԱԳ նախարարն իրեն թույլ տվեց ակնարկ՝ Խաչատուրովի դեմ ուղղված գործընթացն անվանելով քաղաքական հետապնդում։ Ստեղծված իրավիճակում դեռևս վերջնականապես հստակեցված չէ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նոր ներկայացուցիչ առաջադրելու հնարավորության հարցը։ Հաշվի առնելով ՀԱՊԿ գործընկերների ներկայիս վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և գլխավոր քարտուղարի արտահերթ փոփոխման ամրագրված ընթացակարգի բացակայությունը՝ չի բացառվում, որ Հայաստանին փորձեն զրկել նոր գլխավոր քարտուղար առաջադրելու հնարավորությունից։
Միաժամանակ, ամեն ինչ հարթ չէ նաև եվրոպական ուղղությամբ։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բավական ուշ՝ միայն հուլիսի 11-ին, մեկնեց Բրյուսել և այն էլ՝ ՆԱՏՕ գագաթնաժողովին մասնակցելու առիթով։ Այդ այցի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ նաև ԵՄ անդամ առանձին երկրների և ԵՄ ղեկավարության հետ։ Սակայն հարկ է նշել, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ԵՄ ղեկավարության կողմից Փաշինյանին շատ ավելի վաղ էր Բրյուսել այցելելու հրավեր ուղարկվել, սակայն ՀՀ ղեկավարը ժամանակ չէր գտել նման այցելություն կատարելու համար։
Ինչևէ, Բրյուսել կատարած այցից հետո Փաշինյանի՝ հայկական ԶԼՄ-ների տված ասուլիսից ակնհայտ դարձավ, որ պաշտոնական Երևանն ու Բրյուսելը միմյանց այնքան էլ լավ չեն հասկանում։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բավական կոշտ դիրքորոշում է որդեգրել եվրոպական գործընկերների հետ երկխոսության ընթացքում՝ պահանջելով Հայաստանին հստակ աջակցություն ցուցաբերել կամ փոխել Հայաստանի մասին խոսելու ոգևորված տոնայնությունը։ Փաշինյանի հայտարարություններից և դրան ի պատասխան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պ․ Սվիտալսկու արձագանքից ակնհայտ դարձավ, որ Հայաստանը ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսական աջակցություն է ակնկալում, իսկ ԵՄ-ն պատրաստ չէ այս փուլում նման քայլի և կսպասի հետագա զարգացումներին։
Մտահոգություն է հարուցում նաև այն, որ ՀՀ նոր իշխանությունները պաշտոնական հայտարարությունների մակարդակով բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացմանն ու կյանքի կոչմանը։ Այս փաստաթուղթը կարևոր իրավական հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար և, ԵՄ ընկալմամբ, հստակ ճանապարհային քարտեզ, մինչդեռ ՀՀ իշխանությունների նման վերաբերմունքն այդ փաստաթղթին անորոշություն է ստեղծում Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման տեսլականի վերաբերյալ և կարող է էլ ավելի դանդաղեցնել ԵՄ արձագանքները Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններին։
Եվրոպայի հետ հարաբերություններում կարող է խնդիրներ առաջացնել նաև մեր երկրում արդարադատության «ընտրովի» կիրառումը (ինչի մասին վերջին ժամանակներում բավականին շատ է խոսվում), Հայաստանում մեծ թափով շարունակվող քաղաքական հետապնդումները, Քոչարյանի նկատմամբ իրավական գործընթացը, խոսքի ազատության սահմանափակումները, ինչի ամենավառ օրինակն օգոստոսի 14-ին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն իշխանության ներկայացուցիչների, նրանց հետ սերտ կապեր ունեցող ակտիվիստների կողմից խափանելն էր:
Այսպիսով, եթե վերջին շրջանում ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի գլխավոր խաղաքարտն ու հաջողության գրավականը կանխատեսելիությունն ու թափանցիկությունն էր երկու գործընկերների հետ հարաբերություններում, ապա նոր Հայաստանի իշխանությունները գործում և ընկալվում են որպես անկանխատեսելի և ոչ լիարժեք հասկացված գործընկեր։ Չի բացառվում, որ դա տեսականորեն կարող է ինչ-ինչ` դեռևս անորոշ նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար, սակայն առավել հավանական է, որ դա լրացուցիչ խնդիրներ ստեղծի և ռիսկի ենթարկի մեծ դժվարությամբ հաստատված բալանսները։ Բոլորովին վերջերս՝ հեղափոխությունից մի քանի ամիս առաջ, թե՛ եվրոպական, թե՛ ռուսական կողմը բարձրաձայնում էին, թե որքան կարևոր ու գովելի է, որ Հայաստանը կարողանում է համադրել ինտեգրացիոն վեկտորները՝ չստեղծելով տարածաշրջանում պայթյունավտանգ նոր օջախներ։
Ամեն դեպքում, դեռևս ո՛չ ԵՄ-ից, ո՛չ ՌԴ-ից Հայաստանի իշխանություններին որևէ հարցում էական կամ իրական աջակցություն չի ցուցաբերվել։