Ճիշտն ասած, երբ ինձ ասեցին, որ Րաֆֆին Ազատություն ռադիոկայանի հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար Ծառուկյանի այն հայտարարությունը, որ Բարգավաճ Հայաստանը չի կարող ընդդիմություն դառնալ, պատասխանել է, որ Ծառուկյանը իր հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին, ես սկզբից չհավատացի: Բայց երբ ինձ ցույց տվեցին ամբողջ տեսանյութը, ես ուղղակի այլայլվեցի: Ինձ համար ոչ մի կերպ հասկանալի չէր դառնում, ինչպես կարող էր Րաֆֆին, Երևանի ավագանու ընտրություններից առաջ ունենալով այդպիսի ինֆորմացիա, չհրապարակեր: Բայց աստիճանաբար հետ նայելով սկսեցի ինքս ինձ պատասխանել մի կարևոր հարցի. բոլորս լավ հիշում ենք, որ, երբ Րաֆֆին նախագահական ընտրություններից հետո գնաց ԲՀԿ-ը և հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, որից հետո ԲՀԿ-ն ասեց, որ նրանք կհամագործակցեն «Բարևի» հետ միայն ԲՀԿ-ի առանցքի շուրջ: Հենց այդտեղ իմ մոտ առաջացավ հարց՝ ինչո՞ւ «Բարևը» ոչ մի կերպ չարձագանքեց ԲՀԿ-ի այդպիսի արհամարհական պատասխանին: Բայց արդեն ամեն ինչ կանգնեց իր տեղերում, իմ մոտ այլևս հարց չկա, քանզի այս տեսանյութը վեր է ամեն տեսակ պատասխաններից:
Սակայն ինձ մոտ այս տեսանյութը առաջացրեց ևս մեկ հարց` իսկ եթե Րաֆֆին ընտրություններից առաջ հայտարարեր, որ Ծառուկյանը իրեն ասել է, որ ինքը երբեք չի գնա իշխանությունների դեմ, չէ՞ որ ընտրության արդյունքները միանշանակ այլ կլինեին, և շատ հնարավոր է, որ այն կուսակցությունները, որոնց աննշան տոկոսներ չհերիքեցին շեմը անցնելու, արդեն անցած կլինեին: Ես հասկանում եմ, որ հիմա այս տողերս կարդացողներից շատերը կարող են ասել՝ իսկ ի՞նչ է, չգիտեի՞ք, որ ԲՀԿ-ն այլընտրանքային է, և հենց այստեղ իրենք կսխալվեն, քանզի նախ այլընտրանք այդպիսի քաղաքական կատեգորիա չկա, երկրորդը ԲՀԿ-ն ընտրություններից առաջ բավական կտրուկ և կոշտ հայտարարություններ էր անում ՀՀԿ-ի հասցեին (մենակ Տիգրան Ուրիխանյանի և Նաիրա Նահապետյանի ընդհարումը արդեն հերիք էր, որպեսզի մարդկանց մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ ԲՀԿ-ն ճիշտ ուղու վրա է, և հետևաբար իրենց ձայները տային ԲՀԿ-ին): Իսկ եթե Րաֆֆին ասեր, որ Ծառուկյանը այդպիսի արտահայտություններ է արել, այդ ձայները կկորեին ԲՀԿ-ի ձեռքից և կանցնեին այլ կուսակցություններին, թեկուզ նույն «Բարևին»: Սակայն նույնիսկ «Բարևի» համար Րաֆֆին չգնաց այդ քայլին հա՞, ես այդպիս զոհաբերություններին, կներեք, չեմ հավատում:



