Քանի որ մամուլի ասուլիսների ժամանակ չեմ ունենում, փորձեմ իմ վերլուծությունները գրառման տեսքով ներկայացնել այս ընթացքում:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամը, որն արդեն դրել է Թուրքիայի տնտեսությունը զանգվածային լարվածության մեջ, ռիսկեր է պարունակում ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև ռազմական կապերի համար: 
Ըստ Վաշինգտոնի պաշտոնական հայտարարության՝ այս լարվածությունը գալիս է ամերիկացի հոգևորականի ձերբակալումից, ում չեն ցանկանում ազատ արձակել Թուրքիայում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարեց թուրքական պողպատի և ալյումինի նոր մաքսատուրքերի մասին, որից հետո Թուրքիայի ազգային արժույթը շեշտակի արժեզրկվեց:
Այնուհետև անցած ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ եթե Վաշինգտոնը «չդադարի միակողմանիության և անհարգալից վերաբերմունքի այս գործելաոճով աշխատել, ապա Թուրքիան կսկսի նոր ընկերներ և դաշնակիցներ փնտրել»:

Հիշեցնեմ, որ Էրդողանը հենց այդ օր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել տնտեսական և առեւտրային հարցերը, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամը:

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական կապերն այս փուլում արդեն իսկ բերում են Վաշինգտոնի ակնհայտ օգնության սիրիական քրդական մարտիկներին, որոնք հայտնի են YPG-ով, որոնց Անկարան նույնպես դիտարկում է ահաբեկչական կառույց և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մի մաս: Սակայն սրան կանդրադառնամ առանձին գրառմամբ:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը մի փոքր մեղմվել էր հերթական լարվածությունից հետո, որն առաջացել էր Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման շուրջ: Սակայն կարծես թե հոգևորականի ձերբակալումը նորից առիթ դարձավ հարաբերությունների լարվածության նոր փուլի: 
Երկուշաբթի օրը Թրամփը ստորագրել է պաշտպանության թույլտվության ակտը, որը մասնավորապես արգելում է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, եթե Անկարան շարունակի S-400-ի գնման գործընթացը:
ՆԱՏՕ-ի նախկին բարձրագույն դաշնակցային հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը կոչ է արել Վաշինգտոնին և Անկարային անել այն ամենը, ինչ հնարավոր է, բարելավելու համար հարաբերությունները:

«Թուրքիային կորցնելը կլինի էպոպիկ համաչափության աշխարհաքաղաքական սխալը: Հուսով եմ, որ մենք կարող ենք վերադառնալ նորմալ հարաբերությունների, սակայն Թուրքիան այս պահին պետք է առաջին քայլը կատարի»,-ասել է փոձառու ռազմական գործիչը:

Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երկուշաբթի հանդիպել է Թուրքիայի դեսպան Սերենք Քըլըչին քննարկելու Թուրքիայում ձերբակալված հոգևորական Էնդրյու Բրոնսոնի և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարցեր: Քննարկվել է նաև մի հետաքրքիր հարց ևս՝ Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցումը, որը որոշակի հարցեր է առաջացրել ԱՄՆ-ի համար, և Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկերոջ հուսալիությունը կասկածի տակ է դրվել, ու նույնիսկ դաշինքում մնալու խնդիր է առաջ գալիս:

ՆԱՏՕ-ի հիմնական օդային բազան

Ինջիրլիքի ռազմակայանը Մերձավոր Արևելքում ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի համար կարևոր ռազմավարական օբյեկտ է: ԱՄՆ-ն մինչև վերջերս հենց այստեղից էր թռիչքներ իրականացնում Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում:

Ինջիրլիքը, որը գտնվում է Թուրքիայի հարավային մասում, պատերազմի մեջ գտնվող Սիրիայի սահմանից ընդամենը 110 կմ հեռավորության վրա շատ կարևոր ռազմավարական օբյեկտ է: ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում տասնամյակների ընթացքում առաջացած լարվածությունները միշտ մեղմվել են հենց այս ռազմաբազայի առակայությունը հաշվի առնելով:

Այս ռազմաբազայի շուրջ կա որոշակի պայմանավորվածություն, որը ձեռնտու է հենց Թուրքիային: Օրինակ՝ ԱՄՆ զինված ուժերը պարտավորվում են թուրքերին ապահովել հետախուզական և հակահաբեկչական ինֆորմացիայով, ինչպես նաև սահմանային շրջաններում օգնել PKK-ի դեմ պայքարում: Իսկ սա Թուրքիայի պետականության համար շատ կարևոր է:

Թուրքիայի նախագահական ընտրություններ ժամանակ գլխավոր ընդդիմադիր թեկնածու Մուհարեմ Ինջը սպառնացել էր հանդես գալ Ինջիրլիքի ռազմաբազան փակելու պահանջով, եթե ԱՄՆ-ն փորձի արտահանձնել Ֆեթուլլա Գյուլենին: Այսինքն՝ Ինջիրլիքի ռազմաբազան շատ կարևոր նշանակություն ունի, և այն թիրախ է դառնում միմյանց շանտաժի ենթարկելու համար:

Վերջին շրջանում փորձագետներն ու վերլուծաբանները խոսում են նրա մասին, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունից երկու երկրներն էլ կտուժեն, սակայն ես ավելի հակված եմ նրան, որ տուժելու է Թուրքիան: Օրինակ՝ Թուրքիայի հետ լարվածություը կարող է վտանգել 1.5 մլրդ դոլարի գործարքը, որով Թուրքիան պետք է Պակիստանին վաճառի 30 թուրքական ուղղաթիռ:

Քանի որ այդ ուղղաթիռների պատրաստման համար օգտագործվում են պահեստամասեր և դետալներ, որոնք գնվում են ԱՄՆ-ից, կամ պարզապես դրանք պետք է ունենան արտոնագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել