Երևի ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը լավ չեք հասկացել. ասում են՝ եթե նույնասեռական, կապույտ, կանաչ կամ կարմիր մազերով, պանկի սանրվածքով, պիրսինգով կամ տատուով ամերիկացի ու եվրոպացի գան ձեր գյուղերը, քարերով գլուխները ջարդելո՞ւ եք։ Կատակ չէ, Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունները հայտարարել են, թե ուզում են առանց վիզայի Եվրոպա գնան ու պատրաստ են/ցանկանում են բանակցությունները սկսել: Եվրոպացին էլ ուզենալու է հասկանալ՝ եթե սահմանը բացի, «շուռնուխցիներ» (պայմանական անվանում է նրանց, ովքեր բռնության հակված են) Եվրոպա գնալո՞ւ են։ Ու հիմա իսկապես պահն է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների (կապ չունի՝ ինչ արագությամբ ու չափով) մասին խոսող քաղաքական ուժերը հստակ պատասխանեն՝ եթե վիզայի հանել են ակնկալում, ապա ի՞նչ են անելու։
Կա՛մ պետք է հստակ հրաժարվեք առանց վիզայի Եվրոպա գնալուց, ասեք, որ դա մեզ պետք չէ, կա՛մ ուղղակի լրջանաք: Ժամանակը մոտենում է, ու այս հարցը հաստատ օրակարգում է լինելու: Ու այնպես չէ, որ Եվրոպայի խելքը գնում է իր սահմանները մեր առջև բացելու համար: Լիքը պետություններ դեմ են: Այնպես որ, չասեք, թե Եվրոպան պարտադրում է: Ուղղակի ուզենալու է հասկանալ՝ իր քաղաքացիներին այնտեղ ու այստեղ ծեծողներ լինելո՞ւ են։ Սա արդյունք է նրա, որ քաղաքական ուժերի մեծ մասը տասնամյակներով ծայրաստիճան անպատասխանատու է եղել թե՛ կամովի ստանձնած միջազգային պարտավորությունների, թե՛ սեփական քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների առումով: