Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը:
Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը: