Ադրբեջանական SOCAR ընկերությունը մոտակա ամիսներին կսկսի հեղուկ գազ մատակարարել Պակիստանին: Այդ մասին հայտնել են Pakistan LNG Limited-ից:
SOCAR-ը դարձել է Պակիստան հեղուկ գազի մատակարարման տենդերի շահողներից մեկը:
Նշվում է, որ հեղուկ գազի առաքումները կիրականացվեն երկու փուլերով` առաջին փուլը՝ հոկտեմբերի 10-11-ը, իսկ երկրորդը` 20-21-ը:
Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլիարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։
Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Բաքուն Պակիստանից սկսել է ներկրել նաև պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։ Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի ինչպես տնտեսական ներուժը ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին: Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ` սուննի մեկ այլ պետության՝ միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ:
Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառման շուկա. անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։ Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով. շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։