Ի՞նչ ասել է «Նոր Հայաստան»։ Ումի՞ց ենք ցանկանում թաքնվել՝ մենք մեզանի՞ց, մեր անցյալի՞ց։ Չեմ կարծում, որ մեր հազարամյակների պատմությունը մեր ամոթն է։ Եղել են սխալներ ու եղել են ճիշտ քայլեր, իսկ ո՞ր ազգն է իդեալական։
Հայաստանը, լավ թե վատ, դարերի խորքից մեր օրեր է հասցրել արժեքներ և սկզբունքներ, որոնցով մեր ազգը գոյատևել է։ Հիմա ի՞նչ, ջնջե՞նք այդ ամենը, հավաքվե՞նք հրապարակում ու ասենք՝ մենք նոր հայե՞ր ենք։
Վտանգավոր է «Նոր Հայաստան» թեզը, այն մեզ կկտրի իրականությունից, իսկ իրականությունից կտրվելը կործանարար հետևանքների կարող է բերել։
Դարերով մենք չենք ասիմիլացվել, որովհետև պատմական հիշողություն ենք ունեցել, որովհետև ոչ թե Նոր Հայաստանների, այլ մեկ ու շարունակվող Հայաստանի մասն ենք եղել։
Մենք մեր պատմական հիշողությամբ ստեղծեցինք Կիլիկյան Հայաստանը, դարեր հետո վերականգնեցինք պետությունը։ Հիմա էլ այդ հիշողությամբ փորձում ենք առաջ գնալ։
Պետք է կտրվել «Փրկիչը կգա» կամ «Փրկիչը եկել է գաղափարից», պետք է կտրվել «Նոր Հայաստան» թեզից։ Սա շարունակվող Հայաստան է, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ ու այդ խնդիրների լուծումը հենց պատմական հիշողությամբ են հաղթահարվելու։
Այո, ես հայ եմ ու հարգում եմ մնացած ազգերին։ Ես ինձ նոր Հայաստանի մաս չեմ զգում, ես մեր շարունակվող Հայաստանի մի մասն եմ՝ իր լավ ու վատով։
Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է։
Եղել ենք, կանք ու դեռ պիտի շատանանք: