Եվրոպայի «անվտանգությանն» ամենևին ձեռնտու չէ ռուսական ռազմական բազայի դուրսբերումը մեր երկրից, մանավանդ թուրքական պետությունը կազմաքանդելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո։ Հենց սրանով է բացատրվում եվրոպական քաղաքականության որոշակի փոփոխությունը մեր երկրի նկատմամբ։ Սակայն հարց է առաջանում․ այդ դեպքում ովքե՞ր են ֆինանսավորում մեր երկրում գործող զանազան կուսակցություններին, ՀԿ-ներին, աղանդներին, գրանտակերներին, և ինչո՞ւ նրանց բերեցին իշխանության, ո՞րն է դրա նպատակը։
Պատասխանը միանշանակ է՝ թուլացնել երկրի պաշտպանական հզորությունը, որպեսզի հերթական ներխուժումը չվերածվի երկարամյա պատերազմի (թեև սկզբունքորեն դա էլ է ձեռնտու նրանց), և այդպիսով զանգվածային ներխուժման հնարավորություն ստեղծվի։ Ընդ որում, եթե Եվրոպան «խուսափում» է գլոբալ պատերազմից, մանավանդ իրեն սահմանակից երկրներում, ապա կան երկրներ, որոնք իրենց պետության անվտանգության հարցերը լուծում են հենց պատերազմների միջոցով։ Հենց այս երկրներն էլ փորձում են Կովկասը ներքաշել պատերազմի մեջ, բայց դա հնարավոր է միայն մի դեպքում՝ ռուսական զորքերի հեռանալուց հետո։ Ընդ որում, որոշ առումով ռուսներին նույնպես ձեռնտու է դա։ Այն ժամանակ մեր երկրի կառավարությունը, ինչպես դա արեց Սիրիան, արդեն պաշտոնապես կդիմի Ռուսաստանին ռազմական օգնության խնդրանքով։
Եթե Ռուսաստանն ընդամենը մեկ ամիս ուշացներ հարձակողական զորքերի տեղափոխումը Սիրիա, ապա այդ երկիրն անհետանալու էր երկրի երեսից, և նրա տեղը վեր էր հառնելու մի երկիր, որը պատերազմի մեջ էր ներքաշելու Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին։ Ռուսական հատուկ նշանակության զորքերի մուտքը Սիրիա խափանեց այդ մտահղացման իրականացումը, ընդ որում, և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին ձեռնտու են բոլոր տարբերակները։ Նրանք տիրապետում են փոփոխվող հանգամանքներից օգտվելու քաղաքականությանը, բայց եթե Սիրիան փրկելու համար Ռուսաստանը կամ Սիրիան մինչև երեք շաբաթ ժամանակ ունեին, ապա մեր երկիրն ընդհանրապես ժամանակ չունի իր տարածքի փոքր լինելու պատճառով։ Ինչպես որ կինը հզոր է իր գեղեցկությամբ և քնքշությամբ, տղամարդը՝ իր նրբանկատությամբ և առնականությամբ, այնպես էլ պետությունը հզոր է իր տարածքով, որը մենք անվանում ենք Հայրենիք, քանզի այդ հսկա տարածքը պահպանելու համար երկրին պետք են և՛ մարդիկ, և՛ միջոցներ։ Դրա համար էլ մեծ երկրները գնահատում են իրենց ժողովրդին՝ հասկանալով, որ քանակն ամեն ինչ է՝ բյուջե, պաշտպանություն, իմաստ և իմաստնություն և գլխավորը՝ որակ․․․ Ուրեմն՝ մարդիկ պարտավոր են հասկանալ, թե ինչ նշանակություն ունի մեր պաշտպանական համակարգի հզորությունն ու անխոցելիությունը, և եթե պահանջվի, բյուջեի կեսն էլ պետք է հատկացվի այդ նպատակին․․․