Artsakhpress.am-ը գրում է.
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի՝ նախօրեին արած այն հայտարարությանը, որ Արցախում ազատագրված տարածքներ չկան, և դրանք գրավյալ տարածքներ են, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին, խիստ քննադատությամբ է արձագանքել Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:
Այդ կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի կողմից հնչած այն միտքը, որ Արցախում ազատագրված տարածքներ չկան, դրանք գրավյալ տարածքներ են, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
-Ինչքան էլ զարմանալի չլինի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի կողմից նման հայտարարությունը, (հաշվի առնելով այդ քաղաքական ուժի օրակարգը 2017-ի խորհրդարանական ընտրություններին), այնուամենայնիվ, քաղաքական որոշ գործիչներ պարբերաբար փորձում են ստուգել մեր ժողովրդի վերաբերմունքը ազգային ինքնության պահպանման հարցերում: Պարտվողական ու կեղծ խաղաղասիրական գաղափարներին Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվել է իր գնահատականը՝ այդ կուսակցությանը մոտ չթողնելով երկրի կառավարմանը: Զարմանալին այն է, թե որքան պետք է մարդ իրականությունից կտրված և իրողություններից օտարված լինի, որ ադրբեջանական ագրեսիվ հայատյացության պայմաններում դեռևս խոսի ինչ-որ տարածքների վերադարձի կամ ինչ-ինչ զիջումների մասին: Իր հայտարարությամբ այդ տիկինը ոչ միայն խախտել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, որում հստակ ամրագրված է ազատագրված տարածքների կարգավիճակը, այն նաև վիրավորել է հայ մարդու արժանապատվությունն ու նսեմացրել վերջին հարյուրամյակում մեր ամենամեծ հաղթանակի արժեքը:
-Ինչպե՞ս են Արցախում ընկալում այդ հայտարարությունը, ինչպիսի՞ն է Արցախի ժողովրդավարական կուսակցության արձագանքը այդ կապակցությամբ:
-Այդ հայտարարությունը, որը արտահայտում է քաղաքական ինչ-ինչ շահեր հետապնդող նեղ շրաջանակի կարծիքը և որևէ աղերս չունի Արցախի հարցում համահայկական դիրքորոշման հետ, դատապարտելի է ոչ միայն Արցախի ժողովրդավարական կուսակցության, Արցախում ապրող մարդու, այլև ցանկացած հայի համար:
Արցախի հարցում որոշողը մեր ժողովուրդն է. որևէ քայլ կամ հայտարարություն այդ տրամաբանությունից դուրս հանդիպելու է ուժեղ և անկասելի դիմադրության:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/90901/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել