Երեկ ՈՒրվագծով ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին էի լսում։ Սկզբում սև փիառի ազդեցության տակ վատ էի տրամադրված /Կարեն Կարապետյանի մարդն է, սեփական բիզնես ունի, էլի բաներ/, հետո հասկացա՝ ճիշտ ընտրություն է արվել․ բնագավառին խորքով է տիրապետում, հիանալի կրթություն է ստացել, տեսնում է ստեղծված կացությունից ելքերը։ Օրինակ՝ կողմ է, որ Սևանից ջրառը եթե ոչ արգելվի, պարտադիր պահպանվի լճի դրական հաշվեկշիռը։ Գյուղատնտեսության նախարության մոտեցումը, թե Արարատյան դաշտի այգիները կչորանան, հիմնավոր չի համարում։ Պարզվում է՝ մեկ հեկտարի հաշվով պետությունը տարեկան մեկ միլիոն դրամ սուբսիդավորում է, որպեսզի վարձը էժան լինի, մինչդեռ գյուղացին երբեմն այդչափ տարածքից ընդամենը հարյուր հազարի եկամուտ է ստանում, ուստի առաջարկում գումարն անհատապես տրամադրել կաթիլային ոռոգման ներդրմանը, որով կխնայվի ջուրը, կկանխվեն կորուստները, կբարձրանա բերքատվությունը։ Խնդրի հաջորդ լուծումը արտեզյան ջրերի խելամիտ օգտագործումն է։ Գիտեի՞ք՝ ձկնաբուծական տնտեսություն կա, որը վայրկյանում ընդերքից ավելի շատ ջուր է հանում, քան միլիոնանոց Երևանի գործածածն է։ Եվ դա՝ գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ։ Իհարկե, Սևջուր գետն էլ կցամաքի, Մեծամոր /Ակնա/ լիճն էլ։ 
Հանքարդյունաբերության մասով․ ասում է՝ ԱՄՆ-ում տուգանքներ հանքարդյունաբերության ոլորտում սահմանված չեն, բայց կա պայման՝ հանածոյի կորզման նպատակով օգտագործած և վերստին միջավայր թողածը պետք է խմելաջրի մաքրության լինի։ Եթե խստացվեն պայմաննները, մեր շատ հանքեր ինքնին կփակվեն, որովհետև կդառնան ոչ եկամտաբեր։ Իսկ կարճատև շահույթով գայթակղվելը ահռելի վտանգներով է հղի։ Բերվեց Դեմոկրատական Գերմանիայի օրինակը, որտեղ հանքը փակելուց հետո ընդերքային ջրերը բարձրացել են, և նրա պարունակությունում ուրան է հայտնաբերվել։ ՈՒ ի՞նչ՝ միացումից սկսած մինչ օրս դաշնային պետությունը միլիոններ է ծախսում այն անըդմեջ մաքրելու համար ու թե դեռ որքան կծախսի, հայտնի չէ։ Գուցե դարեր։
Փոքր հէկերի լուծումը տեսնում է արևային էներգակայանների ներդրման մեջ, որը մրցակցությունից կհանի հէկերին, իսկ առայժմ գործողներին պիտի պարտադրել միջազգային ստանդարտի բերել նվազագույն ելքերը, ձկների շարժի համար թողնված աստիճանահարթակները, որոնք մեր ձկնատեսակների համար բարձր են։ 
Մշակվել են կարճատև քայլեր ծառառահատումներն արգելելու, հեռագնա՝ ՀՀ անտառները կրկնապատկելու ուղղությամբ։ 
Բարձրաձայնվածը Հայաստանը Նյու Վասյուկի դարձնելու շարքից չէ, կարծում եմ, որովհետև մարդը համախոհներ ունի, որը ժողովրդի ճնշող մասն է, թիկունքում՝ կառավարություն ու կառավարիչ, ում ՀՀ քաղաքացին պատրաստ է պաշտպանել, որպեսզի նպատակները կյանքի կոչվեն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել