ՊՆ-ի մեքենաները փակել են զինվորի ծնողների մեքենայի ճանապարհը, որով նրանք Երեւան են բերում իրենց որդու դին

Պաշտպանության նախարարության եւ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փորձում են փակել սպանված զինվորի ծնողների մեքենայի ճանապարհը, որով Երեւան են բերում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի դին: Լարված իրավիճակ է ստեղծվել:

Նրա հորեղբայր Աշոտ Ստեփանյանը քիչ առաջ NEWS.am-ին հայտնեց, որ բազմաթիվ զինվորական մեքենաներով փորձում են ճանապարհը փակել, բայց իրենց հաջողվել է մանեւրել եւ շարունակել ճանապարհը: Նրանք այս պահին գտնվում են Գավառի ճանապարհին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Մարտունիի Վերին Գետաշեն գյուղում պետք է լիներ զինվորի հուղարկավորությունը, սակայն ծնողները ՊՆ անտարբերությունից ու ընդհանրապես որդու սպանության պատճառները իրենց հայտնելուց վրդովված` դին բերում են Հանրապետության հրապարակ՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Աղբյուրը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել