Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն է հայտնում եվրասիական տարածաշրջանում զարգացման տեմպերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող եվրասիական միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում Մեդվեդևը նշեց, որ եվրասիական հնգյակը շարունակում է հաջող աշխատանքները:

«Այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների միջև 16,4 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը,  այդ թվում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում: Մենք մտադիր ենք հետևողականորեն կյանքի կոչել մեր նպատակները, զարգացնել երկրների տնտեսությունները, ստեղծել նոր աշխատատեղեր: Կոորդինացված ջանքերն այս ուղղությամբ ԵԱՏՄ-ում ռուսական կողմի նախագահության առաջնահերթությունների թվում են»,- ասաց ՌԴ վարչապետը:

Նա կարևորեց ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը, տրանսպորտային միջանցքների ստեղծումը և նշեց, որ պետք է այդ ծրագրերը իրականացնել ոչ միայն պետական մակարդակով, այլև կոմերցիոն ընկերությունների ներգրավմամբ: Մեդվեդևը շեշտեց նաև նավթի և նավթամթերքի, գազի շուկաների ստեղծումը, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ընդլայնումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել