
Դեռ 2008 թվականի ընտրություններից առաջ ՀՀԿ-ի կողմից անընդհատ հնչեցվող «Առաջ Հայաստան» կարգախոսի չիրականացումը, դրանից հետո «Ավելի լավ Հայաստան»-ը իշխանությունները բացատրեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայով և դրանից բխող հետևանքներով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն անգամ կարգախոսները հնչեցնելուց հետո հանրապետականները միշտ մի արդարացում գտնում են այդ կարգախոսները կյանքի չկոչելու համար:
Սակայն այստեղ կա մի վերապահում` հանրապետականները այդ կարգախոսները հնչեցնելուց հաշվի չէին առնում, որ գազը թանկանալու է, չէ՞ որ բոլորից լավ իրենք էին տեղյակ…, քանզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց իրենց կողմից է նշանակված: Ես չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ում մոտ կարող է կասկած առաջանա, որ ՀՀ կառավարությունը դեռ մինչև ԱԺ ընտրությունները տեղյակ չէր, որ գազը թանկանալու է:
Հ.Գ Հարգելի Տիգրան Սարգսյանը այժմ բոլորից լավ է պատկերացնում, թե մի քանի ամիս հետո` 2014 թվականի բյուջեի հաստատման ժամանակ, ԱԺ-ում ինչ «լացակումած» ճառ է ասելու, օրինակ այս ոճով` «արտահանվող ապրանքների մրցունակության կարևորագույն կողմերից մեկը այդ ապրանքի գինն է, իսկ եթե գինը բարձրանում է, ապա ինչպե՞ս ապահովել այդ մրցունակությունն ու արտահանումը, իսկ դրանից էլ արդեն բխում են ՊԵԿ-ի մասով շատ քիչ հավաքագրած գումարները»:
Այնպես որ, հարգելի ընթերցող, Ապահով Հայաստանը ինչպես կար ուտոպիա, այնպես էլ շարունակելու է մնալ (բայց արդեն ունենալով իր արդարացման պատճառները):



