Սասնա Ծռեր խմբավորումն ու Հիմնադիր խորհրդարանը օրերս հայտարարեցին կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Զուգահեռ համացանցում հայտնվեց փաստաթուղթ, որը որոշ օգտատերերի պնդմամբ կարող է պարունակել հենց այդ կուսակցության կանոնադրության առաջին կետերը՝
- Կուսակցությունը ամենից վեր դասում է մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների խախտում նկատելու դեպքում կուսակցությունը ոչ մի բանի առջև չի կանգնի, այդ իրավունքները վերականգնելու համար։
- Մարդու բնական իրավունքներից կուսակցությունը հատկապես առանձնացնում է կյանքի իրավունքը։ Երկրորդ տեղում ազատ տեղաշարժի իրավունքն է։
- Կուսակցությունը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարը։ Հայաստանը կարող է և պետք է դառնա հակաահաբեկչական պայքարի առաջամարտիկ և ահաբեկիչների հանդեպ անհանդուրժողականության կղզյակ։
- Կուսակցությունը բարձր է գնահատում ժողովրդավարական արժեքները։ Խորհրդարանը պետք է կազմվի բացառապես քաղաքացիների ազատ քվեի միջոցով։
- Ընտրությունների արդյունքների հատ համաձայն չլինելու պարագայում կուսակցությունը չի բացառում զինված ապստամբությամբ արդարությունը վերականգնելու քայլերին դիմելը։
- Զինված ապստամբության կարելի է դիմել միայն այլ ելք չտեսնելու պարագայում։ Այլ ելք չտեսնելու իրավունքը վերապահվում է վերընշված կուսակցությանը։
- Կուսակցությունը կարևորում է անկախ դատարանների դերը երկրում։ Նախքան արդար դատարանների ներդրումը կարելի է առաջնորդվել «սև ցուցակներով»։
- Հայաստանում պետք է սահմանափակվի և խստորեն վերահսկվի զենքի շրջանառությունը։
- Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ։ Առանց որևէ բացառության։
- Բացառություն կարող են կազմել միայն կուսակցության ներկայացրած «սպիտակ ցուցակները»։
Ապագա կուսակցության վարչությունը չի հաստատել փաստաթղթի իսկությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել