Առաջին փոխվարչապետի տիկին Գոհար Աբաջյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնել է ընտանեկան բյուջեի հաշվին: Մի քանի օր է՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկվում է, թե ինչ միջոցներով է Արարատ Միրզոյանի կինը ամուսնու հետ մեկնել ԱՄՆ, որտեղ վերջինս գտնվում էր աշխատանքային այցով:

 «Բնականաբար դա եղել է իմ անձնական միջոցների հաշվին: Ես չեմ պատրաստվում այլ միջոցների հաշվին մեկնել որեւէ տեղ»,- մեր զրույցում ասաց Գոհար Աբաջյանը:

Նախորդ անգամ էլ փոխվարչապետի տիկնոջ գործուղումն էր հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում: Գոհար Աբաջյանը կարծում է, որ սա պայմանավորված է ֆեյսբուքում իր ակտիվ լինելով:

«Ես ֆեյսբուքում ակտիվ եմ՝ ի տարբերություն այլ քաղաքական գործիչների կանանց: Իմ նախորդ անգամվա այցը Տանզանիա հանգիստ չէր, գործուղում էր, որի մանրամասները տեղադրված են իմ գործատու կայքէջում: Իմ գրած ստատուսներից պարզ էր դառնում, որ ես գործուղման եմ մեկնել: Կան լրատվամիջոցներ, բլոգերներ, որոնք միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու ցանկություն ունեն, ինչն էլ նման արձագանք է տալիս»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել