Բավականաչափ ինքնատիպ ընկալում է, քանի որ Պավել Մանուկյանի ասածներն ամենեւին էլ տեսակետ չեն, այլ տեղեկություններ, տվյալներ: Ճիշտ է, տվյալներ, որոնք Պավել Մանուկյանը «հանկարծ» հիմա է հիշել, եւ գործի նյութերում նման տեղեկություններ չկան:
Թերեւս արժե հիշեցնել մեկ-երկու մանրամասն: Նախ՝ ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածքներ պատճառելու դրվագի հետ կապված: Ըստ այս գործով դեռ մեկ տարի առաջ հրապարակված մեղադրական եզրակացության, հենց Արմեն Բիլյանն է կրակելով վնասել զորանոցի հերթապահ մաս տանող մուտքի դռան փականը, մտել ներս: Նրա հետ ներս են մտել խմբի այլ անդամներ: Իսկ Արմեն Բիլյանը միջանցքի նախամուտքում կրակոցներ արձակելուց հետո գնացել է դեպի հերթապահ մասի մուտքի դռան մոտ, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից Գագիկ Մկրտչյանին սպանելու, ինչպես մեղադրականում է նշված՝ կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած ինքնաձիգից, շատ մոտ տարածությունից կրակ է արձակել հերթապահ մասում գտնվող Գագիկ Մկրտչյանի վրա:
Այսինքն՝ խոսք չի կարող լինել «պատահական կրակոցի» մասին, ինչպես հիմա հայտարարում է ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Ավելին՝ հարկ է ընդգծել, որ ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը ոչ թե միայն ձեռքից է վիրավորվել, այլ նաեւ կրծքավանդակ-որովայնային հատվածում է հրազենային վնասվածք ստացել: Եվ հանրագումարում հենց այդ վնասվածքների հետեւանքով է մահացել, ավելի ճիշտ՝ սպանվել:
Մինչդեռ Պավել Մանուկյանը հիմա այնպես է ամենը ներկայացնում, որ կարելի է կարծել, թե ինչ-որ անմեղ դիպված է եղել, այն էլ՝ պատահականորեն: Ավելին՝ գործի նյութերում կան վկայություններ, որ վիրավոր Գագիկ Մկրտչյանը, դիմելով հենց Արմեն Բիլյանին, հարցրել է. «Ինչո՞ւ կրակեցիր», ինչին ի պատասխան, վերջինս ասել է. «Ասեցի՝ չկրակես, չշարժվես, դու չլսեցիր, ես էլ կրակեցի»:
Շատ ավելի ուշագրավ է բանկոմատի պատմությունը: Ամենից առաջ հետաքրքիր է այս զինված խմբի հրապարակային աջակցությամբ զբաղվող քարոզիչների, նրանց արածներն արդարացնողների հերթական ստի «բռնվելու» առումով: Բանն այն է, որ երբ հայտարարվեց, որ զինված խմբի անդամները նաեւ ՊՊԾ տարածքում գտնվող բանկոմատն են թալանել, «ծռական» քարոզիչներն սկսեցին, թե՝ մոգոնում են, սուտ են ասում, «գաղափարական ապստամբներին» ուզում են վարկաբեկել եւ այլն, եւ այլն:
Պավել Մանուկյանի երեկվա հայտարարութունը, սակայն, լրացուցիչ հաստատում է, որ ոչ միայն բանկոմատը «բացել» են, այլեւ այդ գործողությունը հեղինակ էլ է ունեցել:
Ի դեպ, հավելենք նաեւ, որ, ըստ մեղադրական եզրակացության (գործի նյութերի), «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» բանկոմատի վրա հերոսական հարձակումն այսպես է եղել. Վարդան Գերավետյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արմեն Բիլյանը, Հովհաննես Վարդանյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, կազմակերպված խմբի քննությամբ չպարզված այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, գնդի տնտեսական մասում գտնվող էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել են ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 դրամը:
Այսինքն՝ էլի միայն Արմեն Բիլյանին չի մեղադրանք ներկայացված, այլ խմբի մի շարք անդամների, այդ թվում՝ նրան:
Լավ, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Պավել Մանուկյանը հիմա նման հայտարարություններ անում: Կարելի է ենթադրել, որ նա, շարունակելով մնալ կալանքի տակ, որոշել է այսպես լրացուցիչ անգամ հիշեցնել իր մասին: Դժվար է ասել: Ի վերջո, քննությունը կարող է հիմնվելով նրա ասածների վրա, նորից փոխել, օրինակ, նույն Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը ու վերստին նրան կալանավորելու պահանջ դնել: Իսկ միգուցե Պավել Մանուկյանն այս կերպ ցանկանում է հասնել կոնկրետ Արմեն Բիլյանին ներկայացված ծանր մեղադրանքների թեթեւացմանն ու, հանրագումարում, ազատ արձակմանը:
Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Չէ՞ որ հիմա ամեն ինչ հնարավոր է: Չէ՞ որ տիրապետող մոտեցումը երկակի չափանիշներն են, եւ երեք ոստիկանի սպանության պատճառ դարձած այս զինված խմբի գործով դատավարության վերջին շրջանը այդ չափանիշներն է՛լ ավելի համատարած կիրառելու ցցուն օրինակ է:
Ի՞նչ է կատարվում, ի վերջո։ Մի դեպքում, օրինակ, ԱԱԾ-ն «թարմացնում» է 10 տարվա վաղեմության սպանության փորձ, կալանավորվում է դրա համար մեղադրվողը: Ինչո՞ւ, որովհետեւ նա հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկն է: Մյուս կողմից՝ երեք ոստիկանի սպանության, պատանդառության, զինված հարձակման գործով տվյալ զինված խմբի անդամները մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում:
Մի կողմից, այն կամ այն գյուղապետի 20 տարվա մեջ 5 կամ 10 միլիոն դրամի հավելագրում (ձեւական աշխատակից «պահելու» միջոցով) թույլ տալու եւ այդ գումարը գրպանելու համար կալանքի միջնորդություն են ներկայացնում, մյուս կողմից՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կողմից բանկոմատից 15 միլիոն դրամ հափշտակելու համար մեղադրվողներին ազատ են արձակում:
Էլ երկակի չափանիշն ինչպե՞ս է լինում: Հա, եւ այս ամենը՝ օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, չգիտես թե էլ ինչ վեհ բաների մասին բարձրագոչ հայտարարությունների ուղեկցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել