Մայիսից մայիս մեկ տարի տևած համապետական նշանակության երկու և մեկ մայրաքաղաքային ընտրություններն ավարտվեցին: Ապարդյուն, ինչ- որ բան փոխելու հույսերը մնացին միայն աղոտ հիշվող երազանքի նման մի բան, բոլոր արմատական ընդդիմադիրները հայտնվեցին իշխանական բուֆերի դերում կամ քաղաքական աղբանոցում: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ պայքարն ընթանում է ոչ թե իշխանափոխության, այլ թե ով ումից ինչքան շատ բան կարող է պոկել: Տպավորությունն այնպիսին է, որ այս մի քանի տարիների ընթացքում ակնհայտ միահեծան առաջնորդ դարձած Սերժ Սարգսյանը հետևում է, թե որ ընդդիմադիրն ինչ պահվածք ունի, որ ըստ այդմ էլ բաժին տա: Ընդդիմության ջախջախումն իշխանության կողմից, նրա մի քանի թևերի բաժանումն ու համարյա ոչնչացումը կարելի էր գնահատել դրական, եթե չլիներ համատարած թանկացում, համընդհանուր արտագաղթ, աղքատության սարսափեցնող մակարդակ, քաղաքական ռեկետ, կաշառակերություն և այսպես շարունակ: Ընդդիմության երկու գործառույթներ, որոնք, ըստ տրամաբանության, պետք է իրականցնեին` հասնել իշխանափոխության կամ մինիմում դառնալ զսպող, չեն իրականացվում քաղաքական ամբիցիաների ու փողամոլության և աթոռապաշտության պատճառով: Նորմալ երկրներում ընդդիմությունը դառնում է իշխանության ահ ու սարսափ և հարմար վրիպումի պատճառով գալիս իշխանության: Հայաստանում ընդդիմությունը վերածվել է ահ ու սարսափի մեջ ընկած մի թույլ շարժման, որի հիմնական նպատակը` դառնալ իշխանության սիրելին: Այդ իսկ պատճառով էլ նրանք ընկալվում են ծիծաղելի, ու նրանց քայլերն էլ գնահատվում որպես հուսահատ մեռնողի վերջին ճիգ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և երկրում առաջացած անհրաժեշտ փոփոխությունների հրամայականը, ժամանակն է, որ հայ ժողովուրդը երեք մատի կոմբինացիա ցույց տա թե´ ընդդիմությանը, թե´ իշխանությանը: Այլապես հիշեք ժողովրդական ասացվածքը` կարկուտը ծեծած տեղն է ծեծում, իսկ կարկուտը միայն ժողովրդի գլխին է թափվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ando.ari/posts/532988946736158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել