Ankakh.com-ը գրում է.

-Պարոն Մանուկյան, այս օրերին աղմուկ է բարձրացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ:

Առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում կենտրոնում, որի տնօրենը՝ Արա Մինասյանը, նաև Հանրային խորհրդի անդամ է: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այդ ստուգումների, Արա Մինասյանի անձի վերաբերյալ, քանի որ շատերն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում:

-Նախ ես Արա Մինասյանի հետ ծանոթացել եմ ոչ թե Հանրային խորհրդում, այլ շատ ավելի վաղուց: 1990 թվականին, երբ շարժումն ընտրությունների միջոցով եկավ իշխանության, և ես դարձա վարչապետ, Արա Մինասյանն այդ ժամանակ Երևան քաղաքի առողջապահության վարչության պետն էր, և մենք առնչվել ենք այդ ժամանակվանից: Արա Մինասյանը շատ մեծ աշխատանք էր կատարում այդ բարդ ժամանակաշրջանում, հետագայում նաև պատերազմական իրավիճակում, և պետք է ասել, որ միշտ իրեն պահել է որպես պարկեշտ և պետությանը նվիրված մարդ: Մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ, և ես կարևորում եմ, որ այդ հարաբերությունները չեն փոփոխվել՝ անկախ նրանից՝ ես եղել եմ իշխանության մեջ, ընդդիմության, թե Հանրային խորհրդում: Արա Մինասյանը նաև բարձրակարգ բժիշկ է և նվիրված է իր մասնագիտությանը: Իր հիվանդանոցը տարիներ շարունակ սպասարկել է շատ ու շատ անօթևան մարդկանց, սոցիալապես անապահով խավերի: Երբ շատերը դիմում էին Հանրային խորհուրդ, ես համոզված էի, որ Արա Մինասյանը միշտ ելքը կգտնի նրանց օգնելու: Իր հիվանդանոցում բուժվում էին նաև վիրավոր կամ հիվանդ ազատամարտիկներ, և նա լավագույն պայմաններն էր ստեղծում նրանց համար՝ շատ բաներ վերցնելով իր վրա:

Ինչ վերաբերում է այս ստուգումներին, կարծում եմ՝ բարեխիղճ ու անշահախնդիր ստուգումների դեպքում որևէ խնդիր չի առաջանա, իսկ եթե նույնիսկ առաջին հայացքից խնդրահարույց թվացող հարցեր լինեն, ապա կունենան իրենց տրամաբանական բացատրությունը: Համենայնդեպս, գիտեմ, որ նա անձնական մեծ ներդրումներ ունի այդ հիվանդանոցում, և վստահ եմ, որ ոչ թե նա է օգտվել հիվանդանոցից, այլ ավելի շատ հիվանդանոցն է օգտվել իրենից:

Հաջորդ հարցը, որ կուզեմ բարձրացնել, հետևյալն է՝ ինչո՞ւ հենց այդ հիվանդանոցը: Ես կարծում եմ, որ պետական տեսակետից ճիշտ կլինի, եթե Առողջապահության նախարարությունը մշակի որոշակի հարցերի շրջանակ, թե ինչպիսի ստուգումներ պետք է կատարվեն առհասարակ բոլոր բուժհաստատություններում, և այդ ամենը պետք է կատարվի առանց միջանկյալ աղմուկի, առանց բուժհաստատության ու բուժաշխատողների բնականոն գործունեությունը խաթարելու և անկախ նրանից, թե հիվանդանոցի տնօրենը ում բարեկամն է կամ ում հետ է մտերիմ: Առողջապահության նախարարությունը պետք է համակարգայի խնդիրներ լուծի, ոչ թե կենտրոնանա մեկի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել