Երբ 6 տարի առաջ ավարտում էի դպրոցն ու ինքնամոռաց պարապում ընդունելության քննություններին, ինձ համոզում էին (ես ինքս էլ համոզված էի), որ բարձրագույն կրթություն ստացած մարդն այս կյանքում չի կորի: Եվ ես, լի պայծառ ապագայի պատկերներով, ընդունվեցի համալսարան և չորս տարի ուսանեցի, ստացա գիտելիքներ, փայլուն ավարտեցի պետական քննությունները` 100-ից 100 ստանալով և արժանացա իմ կարմիր դիպլոմին: Այդ ժամանակ, սակայն, ինձ ոչ ոք այդպես էլ չասաց, որ իմ կարմիր դիպլոմն ու գիտելիքներն ինձ պետք կգան հավասարապես այնքան, որքան ինձ վրա չորս համար փոքր, սակայն շքեղ կոշիկը: Ինձ չասացին նաև, որ երբ ես ընդունվում էի հեռուստաընկերությունում աշխատանքի, կյանքումս գալու է մի օր, որ անձրևի տակ եմ մնալու, միայն որովհետև դրամապանակիս մեջ բավականաչափ գումար չի լինելու տաքսի նստելու համար: Ինձ չէին ասում, որ ես ընդունվելու եմ աշխատանքի, սակայն չեմ գրանցվելու որպես օրինական աշխատող, այսինքն՝ ունենալու եմ մոտավորապես երկու տարվա աշխատանքային փորձ, սակայն երբ գա թոշակի անցնելու ժամանակը, պետությունն ինձ անտեսելու է, որովհետև ես փաստացի ոչ մի ապացույց չունեմ, որ սկսել եմ աշխատել համալսարանն ավարտելուց երկու ամիս անց: Ինձ չէին ասում, որ գալու է մայիս ամիսը, իսկ ես դեռ ստացած չեմ լինելու իմ մարտ ամսվա աշխատավարձը, որը, սակայն, կա թե չկա, նույն բանն է: Ինձ չէին ասում, որ ցանկացած առարկություն ամիսներով չստացած աշխատավարձի մասին ընդունվելու են ղեկավարության կողմից քմծիծաղներով և «դե կտան էլի» արտահայտություններով: Ինձ չէին ասում, որ եթե չունես հարուստ հայր կամ օլիգարխ սիրեկան, անբարոյական չես, որ ծախվես, արժեզրկված չես այնքան, որ քնես քեզ նմանատիպ առաջարկ անող ցանկացածի հետ, ապա քեզ կմնա միայն նյարդային սթրեսի հասնել` ամեն օր առավոտից երեկո հայացքդ գցելով հաշվապահության դռանը և սպասելով, թե երբ կտան քո չնչին աղքատավարձը, որը կհերիքի միայն աշխատավայր հասնելուն և ընդմիջմանը մի կտոր հաց ուտելուն...



