Հետաքրքիր բաներ են կատարվում համացանցում:
ՀԱԿԿ-ի կարկառուն երիտասարդներից մեկը փորձում է արդարացնել իրեն: Արդարացնում է իր՝ ԲՀԿ-ին ընդդիմություն լինելու մեջ համոզելը: Եվ դրա ձևը գտել է ինձ «ԲՀԿ»-ի մեջ մեղադրելով: Մոռանալով, որ իր առաջնորդը և քաղաքական թիմը արդեն երկար ժամանակ է՝ իրենց քաղաքական գործունեությունը նվիրել են «ժողովրդածին» ԲՀԿ-ի քարոզին: Ու ո՞վ կմտածեր, որ այդ թեմայի առանցքը կդառնար իմ հարցազրույցը, որտեղ ես ասում եմ, որ Ծառուկյանը կարող է նախագահի թեկնածու լինել: Դա ցանկության դեպքում կարող է դիտարկվել որպես քարոզ՝ անտեսելով իմ արտահայտությունն առ այն, որ դա չի նշանակում, որ ես Ծառուկյանին եմ ձայնս տալու: Չնայած, իմ մեղքն էլ կար, քանզի ես լռեցի այն մասին, որ 2012-ի ավարտին Ծառուկյանը մնացել էր միակ համակարգով թեկնածուն, քանի որ այն թեկնածուն, ում համար ես պայքարել եմ, հանկարծ գիտակցեց, որ 68 տարեկան է և այլեւս չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Սակայն նա այդ ասելիս ասաց այնքան ուշ, որ ընդդիմությունից հանկարծ ուրիշ ոչ մեկ չհասցնի մասնակցել նախագահականին:
Բայց դե, Ձեր լեզվով ասած «այդ մասին հաջորդ դասին»...
Խոսք աղավաղելու և բուֆերների մասին՝ ճակատագրի հեգնանքով նույն կայքին իր տված հարցազրույցի վերջում, ընտրությունների հաջորդ օրը Հրանտ Տեր-Աբրահամյանը ասում է, որ «գլուխ արդուկել պետք չէ կամ դու այս կողմն ես, կամ այն կողմն ես. պետք է հստակ ասել, եթե չէ, գնա, տունդ նստի կամ բացահայտ անցի այն ճամբարը, որի համար դու փաստացի աշխատում ես»: Հետո օրեր անց ԲՀԿ-ի առաջնորդի հստակ ասելուց հետո, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, գրում է՝
մեջբերեմ. «Ծառուկյանն այսօր չի կարող հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին, եւ ի դեպ, դա ոչ մեկին պետք էլ չէ, քանի որ բուֆերի իր դերը կատարում է առանց այդ հայտարարության էլ»:
Հիմա ի՞նչ, կամ ա՞յս կողմ, կամ ա՞յն, թե՞ բուֆեր...
Կարծում եմ, ճիշտ ժամանակն է տուն գնալու և մարդկանց գլուխը չարդուկելու:
Հ.Գ. Հետագայում խուսափելու եմ այս քննարկմանը մասնակցելուց, փառք Աստծո, բոլորն էլ գիտեն՝ ես ինչ մարդկային նկարագիր ունեմ:
ՀՀ պայծառ և հպարտ քաղաքացի ՝ Ալեն Սիմոնյան