BlogNews.am-ն արդեն պատմել է երեկ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Ամարասի գանձերը» պարային ներկայացման մասին: Ինչպես գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն է նշում, աշխատանքները բավականին մասշտաբային էին. «Այս ամենի մեջ տուժել է միայն Նանուլիկը, նրանով չեմ հասցնում զբաղվել: Նրա աշխատանքներն, իհարկե, չեն դադարել, պարզապես այս շրջանում առաջնայինը պարային ներկայացումն էր: Նանուլն էլ է մասնակցել, առանձին երգ ենք ներկայացրել, որը պրեմիերա էր։ Բեմում սաների հետ պարում էր, խաղում և դերասանական խաղ ցույց տալիս»,- նշում է Վիկան և ավելացնում, որ շուտով կսկսեն զբաղվել Նանուլիկի նոր երգով և տեսահոլովակով:
Այն հարցին՝ արդյոք այսքան զբաղվածությունը չի՞ խանգարում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուն, Վիկան նշում է. «Տուժում է այնքանով, որ չեմ հասցնում երեխաներիս հետ շատ շփվել: Դա ամենամեծ բանն է, որ խլում է աշխատանքը, չնայած բոլորն այնպես են անում, որ երեխաները, որքան հնարավոր է, իմ հետ շատ շփվեն: Նանուլն արդեն մեծ է և իմ կողքին ավելի շատ է լինում, իսկ փոքրիկին քիչ եմ տեսնում և նեղվում եմ այդ փաստից»:
Պարուհուց հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Նանուլն ունենո՞ւմ է տարբեր խնջույքներում երգելու հրավերներ, և ինչպե՞ս է Վիկան նայում այդ փաստին. «Ամեն ինչն էլ աշխատանքն է, բայց մենք երբևէ չենք հայտնվում այնտեղ, որտեղ չենք պատրաստվում: Նանուլիկը դեռ շատ փոքրիկ է և ելույթ է ունենում բացառապես համերգների ժամանակ և մասնակցում տարբեր նախագծերի: Հաճախում է դասերի, սովորում է, և բացարձակ կարիք չկա, որ նա աշխատի»:
Ի դեպ, Վիկան նաև նշում է, որ դուստրը հաճախում է Արթուր Գրիգորյանի մոտ անհատական դասերի. «Նանուլի հետ պլանները շատ մեծ են, մեզ պետք է, որ նա ունենա իդեալական վոկալ և խելացի աղջիկ լինի: Դրա համար առավոտից երեկո աշխատում ենք, որևէ այլ բանի համար ժամանակ չունենք»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի