ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխքարտուղար ՄաքԴոնալդն ասաց, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ուենցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից  շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղարը արծարծեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակեցին Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը և նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Այս համատեքստում արտգործնախարար Մնացականյանը կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև ողջունեց Միացյալ Թագավորության աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:  

Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել