Tert.am-ը գրում է.

Ես իրավապահ մարմիններին հանձնարարել եմ, որպեսզի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածին ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվեն, որովհետև հարց է՝ այնտեղ եղել են չարաշահումներ, թե ոչ: Եթե պարզվեց, որ եղել են չարաշահումներ, իհարկե, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին այսօր Քաջարան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի հարցին, թե ինչու ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատից, ոչ թե Մեղրի-Քաջարան հատվածից:

«Մեծ պրոբլեմ է և առեղծված է, թե ինչու այդ ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե օրինակ Մեղրի-Կապան հատվածից: Դա անհասկանալի և անհեթեթ մոտեցման հետևանք է: Երեքշաբթի ինձ մոտ խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-Հարավի» հետ կապված: Լուրջ պրոբլեմներ կան ճանապարհի կառուցման հետ:

Այժմ կան մի քանի ներդրումային ծրագրեր, որոնց հեղինակների գաղափարը հետևյալն է՝ Սիսիանից Լիճք ճանապարհ կառուցել: Մենք լրջորեն կքննարկենք Հյուսիս-հարավի խնդիր՝ հասկանալու համար, թե ոնց ենք մենք առաջ գնալու և ինչպես ենք լուծելու խնդիրները»,- նշեց վարչապետը:

Քաջարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց «թավշյա հեղափոխության» հաղթանակի համար: Նրա խոսքով՝ այն փոփոխությունները, հաղթանակը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել, դա յուրաքանչյուրի կերտած հաղթանակն է:

«Այսօր ՀՀ-ում սահմանադրության օրն է և սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա հոդվածում գրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և տարվա բոլոր օրերին և միշտ իշխանությունը պատկանելու ժողովրդին: Եվ որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել ժողովրդի իշխանության վրա»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել