Այսօր մեկնարկում է «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի առաջին փուլը, որին մասնակցելու են քսանմեկ աղջիկ: Գոհար Հարությունյանի նախաձեռնած մրցույթն այս տարի փոխել է կանոնները․ այսօր անցկացվելու է «Տաղանդի մրցույթը», որի ժամանակ աղջիկները ցույց են տալու իրենց տաղանդը: Բացի այդ՝ նրանք ներկայանալու են լողազգեստով և երեկոյան զգեստով: Մինչ մրցույթի մեկնարկը BlogNews.am-ը զրուցել է մասնակիցներից Սոնա Սարգսյանի հետ, ով իր հաղթելու շանսերը բարձր է գնահատում, բայց համոզված է` յուրաքանչյուր աղջիկ գեղեցիկ է յուրովի: Սոնան 19 տարեկան է, հասակը` 1.73 մ, քաշը` 53 կգ:

«Ընկերներս միշտ խորհուրդ էին տալիս մասնակցել մրցույթին, բայց ես չէի ցանկանում, երևի զբաղվածությունն էր պատճառը: Ի վերջո, մայրիկիս խորհրդով վերջնական որոշում կայացրեցի և լրացրեցի մրցույթին մասնակցելու հայտը»,- պատմում է Սոնան:  

Մրցույթի հիմնական կանոնները հետևյալ են`տարիքային սահմանափակում՝ 17-28 տարեկան, պետք է պարտադիր լինել չամուսնացած և կարևոր է ունենալ բնական տեսք, վիրահատական միջամտությունները չպետք է չարաշահած լինեն: Սոնան անկեղծացավ և նշեց, որ վիրահատել է միայն քիթը:  

Այն հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք, որ մրցույթում ամեն ինչ արդար է լինելու, պատասխանեց․ «Կարծում եմ` անհնար է, որ ամենուրեք արդարություն տիրի, դա շատ կեղծ կհնչի, բայց ես կարծում եմ՝ մրցույթները հիմնականում արդար են ընթանում: Մինչ այս չեմ նկատել որևէ անարդարություն։ Եթե նկատենք, կբարձրաձայնենք»:   

Սոնան նշում է, որ աղջիկներից ոմանց ճանաչել է մրցույթի նախապատրաստական փուլերի ընթացքում, ոմանց էլ գիտեր դեռ մինչ այդ․ «Այս ընթացքում շատ ենք մտերմացել ենք և ավարտից հետո գնալու ենք միասին լավ ժամանակ անցկացնելու: Կարծում եմ՝ մրցակցությունը կապ չունի ընկերության հետ, ես մեծ բավականություն եմ ստացել մինչև մրցույթը մեր անցկացրած ժամանակից: Իհարկե, անհնար է, որ քսանմեկս էլ մտերիմ ընկերուհիներ լինենք, բայց շատերի հետ հասցրել ենք ընկերանալ: Որքան էլ որ բոլորս ցանկանում ենք հաղթել, մարդկային որակներն ավելի կարևոր են ինձ համար»:

Այն հարցին՝ այսօր «Տաղանդների մրցույթում» ինչպե՞ս է փորձելու զարմացնել և իր ո՞ր տաղանդն է ցույց տալու, Սոնան նշեց. «Ոչ թե կզարմացնեմ, այլ ցույց կտամ իմ տաղանդը: Այսօր ներկայանալու եմ երեք տեսքով, կարելի է ասել՝ մի քիչ ավելի նուրբ զգեստ եմ հագնելու»:   

Շատ աղջիկների համար գեղեցկության մրցույթները լավ ապագա հարթելու, ինչպես նաև հարուստ փեսացու գտնելու միջոց են: Սոնան դեռ չի շտապում այս հարցում. «Ես 19 տարեկան եմ, շատ վաղ է մտածել ամուսնության, առավել ևս՝ հարուստ փեսացու փնտրելու մասին, բացի այդ՝ կարծում եմ` փեսացուն պետք է փնտրի ինձ, այլ ոչ թե ես նրան: Ինձ համար լավ ապագա միայն իմ ծնողները կարող են հարթել: Այստեղ կրկին գալիս է ծնողների գործոնը․ եթե նրանք չլինեին, ես չէի մասնակցի այս մրցույթին, այսինքն՝ ապագայի հարցում նրանք իրենց մեծ դերն ունեն»:

Լողազգեստով ներկայանալիս չի բարդույթավորվում. «Գեղեցկության մրցույթում կարևոր է աղջկա կառուցվածքը, իսկ այն առանց լողազգեստի անհնար է տեսնել: Կարծում եմ` լողազգեստով ներկայանալը բոլորովին խնդիր չէ»:

Սոնան նկարահանվում է սիթքոմներում, նկարահանվում գովազդային հոլովակներում, ինչպես նաև մասնակցում ֆոտոսեսիաների, բայց դրանք իր համար հիմնական աշխատանք չի համարում. «Շատ առաջարկներ են եղել, դրանց միջոցով եմ գումար աշխատել: Նկարահանվելն ինձ համար, կարելի է ասել, սիրելի զբաղմունք է, հոբբի, որի հետ մեկտեղ գումար եմ աշխատում»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել