Դեժավյու, դեժավյու, դեժավյու!!!: Որքա՞ն անգամ Եվրոպայի լիգայի եզրափակչի ժամանակ ինձ այցելեց այս զգացողությունը: Փորձեմ հաշվել: 2-րդ տարին անընդմեջ Ջոն Թերրին իր գլխավերեւում է պահում չեմպիոնական գավաթը, եզրափակչին չմասնակցելուց հետո: 2-րդ տարին անընդմեջ «Չելսիի» մարզիչը հեռացվում է աշխատանքից մրցաշրջանի 2-րդ կեսին, իսկ նրան փոխարինելու եկածը, չնայած իր հասցեին հնչող մի շարք քննադատական խոսքերին, նվաճում է չեմպիոնական տիտղոսը: 2-րդ տարին անընդմեջ «Չելսիի» մրցակիցը եզրափակչում տիրում է տարածքային առավելությանը եւ անհամամեմատ ավելի շատ գոլային պահեր է ստեղծում, սակայն պարտվում է (թեեւ եթե «Բավարիան» չհաղթեց սեփական պատերից եկող հսկայական պրեսսինգի եւ արիստոկրատների «Չինացի» մարզչի ավտոբուսային պաշտպանության պատճառով, ապա Բենֆիկայի պարտվելու պատճառը, մրցակցին կարգով զիջելն է): Ամենայն հավանականության 2-րդ տարին անընդմեջ տրիումֆից հետո մարզիչը կհեռանա զբաղեցրած պաշտոնից (թեեւ ի տարբերություն Ռոբերտոյի՝ միանգամից): Համոզված եմ, որ «եզրափակիչների ասպետ» Տոռեսի գոլը շատերի մոտ եւս առաջացրեց դեժավյու, երբ Նանդոն Լուիզաոյին իր ֆիզիկական ուժի շնորհիվ շրջանցեց եւ մեն-մենակ դուրս եկավ, ինչպես Եվրո 2008-ի եզրափակչում նա դա արեց Լամի հետ: Եվրոպայի Լիգայի եզրափակչում պարզ իրադրությունում ձեռք բերած անկյունային հարվածից խփած Իվանովիչի գոլը բոլորին հիշեցրեց այժմ Թուրքիայում փայլող աներեւակայելի կոտ դ`իվուարցու, Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խփած գոլը: Որ մի փոքր էլ խորանամ, «Չելսիի» դեպքում եւս մի քանի օրինակներ կկարողանամ գտնել, սակայն դրանք բոլորն էլ, համաձայնեք, որ հաճելի դեժավյուներ են: Իսկ ահա Բենֆիական... Ցավալի է, բայց լիսաբոնյան ակումբի երկրպագուները դեժավյու ապրեցին, երբ իրենց սիրելի թիմը մեկ ամբողջական շաբաթվա ընթացքում, լրացուցիչ ժամանակում 2-րդ տիտղոսը կորցրեց` ազգային առաջնությունում պարտվելով Պորտուին (ամենայն հավանականությամբ), իսկ այստեղ՝ «Չելսիին»: Եռանդն ու աշխատասիրությունը չկարողացավ հաղթել փորձին, ակամայից դեժավյու զգացի նաեւ հիշելով Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եւ քառորդ եզրափակիչները, երբ Միլանն ու ՊՍժ-ն չկարողացան հաղթել Բարսելանային, ում կարգն իրենն ասեց: Իսկ ամենամեծ դեժավյուն իհարկե ապրեց Էյսեբյոն, ով հերթական անգամ հիշեց Բելա Գուտմանի անեծքը եւ անգամ նրա գերեզմանաքարին այցելելը չօգնեց իր սիրելի թիմին, եւ «Բենֆիկան» 50 տարուց ավել մնում է առանց եվրոգավաթների: 10 օրից Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է, եւ տա Աստված, որ «Բավարիայի» երկրպագուները 3-րդ անգամ, վերջին 4 տարում, դեժավյու չապրեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել