«Սպայկա» ընկերության անձնակազմից որևէ մեկը չի տուժել, բայց ընկերության ենթակառուցվածքներին հրդեհի հետևանքով հասցվել է խոշոր վնաս: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության մամլո խոսնակ Կարեն Բաղդասարյանը:

Այս պահի դրությամբ, Բաղդասարյանը դժվարացավ ասել, թե որքան վնասի մասին է խոսքը: «Մեր հիմնական պահեստները այրվել են, որ ասում եմ պահեստ, նկատի ունեմ մեր սառնարանային համալիրը: Մի մասում մեր արկղերն են, որ օգտագործում ենք, դատարկ վիճակում են եղել, և ծիրանի սեզոնի համար նախապատրաստել էինք արկղերը, և որոշ քանակությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզից մթերված կարտոֆիլ կար: Մեծ քանակությամբ մթերել էինք, որ արտահանեինք, և այդ ամբողջն այժմ վնասվել է», -փոխանցեց ընկերության մամլո խոսնակը:

Նրա խոսքով, տարածքը պայթեցնելու կարիք չկա, և այժմ փրկարար ծառայության աշխատողները փորձում են տարբեր կողմերից կրակը մի կետում պահել, այնուհետև՝ մարել:

Աղբյուրը՝ mediamall

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել