Միջազգային մամուլն ընթերցելիս աչքովս ընկավ մի հետաքրքրիր, միաժամանակ տարօրինակ տեղեկություն. Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի, Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարին տեղեկացրել են հակամարտության գոտում իրավիճակի և կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին, նաև քննարկվել են ՄԽ գործունեության ակտուալ հարցեր և Բելառուսի հնարավոր ներդրումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Տեղի ունեցած հանդիպումն ինձ մոտ միանգամից մի խումբ հարցեր առաջացրեց։
Օրինակ՝ ինչո՞ւ են համանախագահները հենց հիմա հանդիպել Բելառուսի ԱԳ նախարարին, նոր ձևաչա՞փ է ձևավորվում, թե՞ նոր իրավիճակ կա:
Կամ ի՞նչ հնարավոր ներդրում է Բելառուսն ունենալու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Բատկա՞ն է Ալիևին շքանշան հանձնելու` իր «Պոլոնեզները» գնելու համար:
Արդյոք Բելառուսը՝ իբրև ՀԱՊԿ անդամ, իրավունք ունի՞ զենք վաճառելու Ադրբեջանին, որ կարող է գործադրվել նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ:
Կամ, ասենք, համանախագահները բացատրե՞լ են Մակեյին, որ Ադրբեջանին զենքի վաճառքը միայն բիզնես չէ՞, այլ քաղաքական ու ռազմական հավասարակշռության խախտում տարածաշրջանում, որ չի բխում բանակցությունները հնարավոր դարձնելու տրամաբանական մտադրությունից:
Նաև հետաքրքրիր է՝ Մակե՞յն է համանախագահներին կոնֆլիկտի կարգավորման ինչ-որ առաջարկ ներկայացրել:
Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ անակնկալ կամ սկանդալ է հասունանում:
Ամփոփելով մի կարևոր դիտարկում ևս. համանախագահներն ու Կասպրչիկը Մակեյին հարցրե՞լ են, թե Բելառուսի ներկայացուցիչն ինչ նպատակով էր մասնակցում Բաքվում Ադրբեջանի բանակի 100-ամյակի պատվին շքերթին․ 100 տարի առաջ էլ Մինսկը Բաքվի դաշնակի՞ցն էր: