Աշխարհը վերջին տասնօրյակն ապրում է ֆուտբոլով. ամենուր կանխատեսումներ են, վերլուծություններ ու խաղադրույքներ։ Սա, ինչ խոսք, ցրում է առօրյա թմբիրը և ուղղակի կտրում իրականությունից:
Ֆուտբոլն ինքնին ապաքաղաքական երևույթ է և, որպես կանոն, «միլիոնների խաղը» պետություններն աշխատում են չօգտագործել որպես քաղաքական դիվիդենտ ու ամբիցիա, սակայն, ինչպես միշտ, այս հարցում ևս բացառություն է մեր հայտնի հարևանը, բայց դրա մասին չէ, որ ցանկանում եմ այսօր խոսել, այլ մի էթնիկ ֆուտբոլային հանդիպման, որը տեղի ունեցավ օրերս:
Հունիսի 22-ին տեղի ունեցավ Սերբիա-Շվեյցարիա հանդիպումը: «Շվեյցարացիները» հաղթեցին սերբերին։ Ինչու չակերտներում, քանի որ Շվեյցարիայի երկու գնդակները խփեցին ալբանացի ծագմամբ ֆուտբոլիստները, ովքեր իրենց գնդակները «տոնեցին» բավականին բուռն: Սերբիայի ընտրանու հետ խաղում Գրանիտ Շական և Ջերդան Շաչիրին գոլեր խփելուց հետո ձեռքի ժեստերով ցուցադրեցին իրենց հայտնի երկգլխանի արծիվը, որը պատկերված է Կոսովոյի դրոշին: Այս միջադեպը զայրացրել է սերբերին, ովքեր պաշտոնական բողոք են ներկայացրել:
ՖԻՖԱ-ի արձագանքը չուշացավ և Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականի ծագումով ալբանացի երկու մարզիկների տուգանեցին՝ Սերբիայի հետ խաղում քաղաքական բովանդակության ժեստեր ցույց տալու համար: ՖԻՖԱ-ի կանոններով քաղաքական ուղերձները և խորհրդանշաններն արգելված են:
ՖԻՖԱ-ն կարող էր երկու խաղով որակազրկել ֆուտբոլիստներին, սակայն վճռել է, որ Շական և Շաչիրին պետք է վճարեն 10-հազարական դոլար տուգանք: 5050 դոլար տուգանք կվճարի նաև Շվեյցարիայի հավաքականի ավագ Շտեֆան Լիխտշտայներն, ով գոլերից հետո միացել է ծագումով ալբանացի մարզիկներին և նրանց ոճով է տոնել նվաճումը:
Բացի այդ՝ ՖԻՖԱ-ն 5060-ական դոլար տուգանք է սահմանել Սերբիայի հավաքականի մարզիչ Մլադեն Կրստաջիչի և Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սլավիսա Կոկեզայի նկատմամբ՝ «խաղից հետո մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար»:
Հ.գ. Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, թեպետ այն ճանաչել են 116 պետություններ: