168.am-ը գրում է
Լաբրադոր-ռեթրիվեր ցեղատեսակի շունը դարձել է Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի նոր անդամը: Հունիսի 26-ին այս մասին հայտնել է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ Սալլի անունով ծառայական շունը կարող է բացել դռները, բերել իրեր եւ օգնության կանչել: Ջորջ Բուշ Ավագը, որի 94 տարին լրացել է հունիսին, հաշմանդամի սայլակ եւ էլեկտրական սկուտեր է օգտագործում տեղաշարժվելու համար, քանի որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: Նշվում է, որ Սալլին կլինի ոչ միայն Բուշի օգնականը, այլեւ «գերազանց ընկերակից»:
Այս մասին ասել է VetDogs ոչ առեւտրային կազմակերպության աշխատող Էվան Սիսլեյը, ընկերություն, որը նախկին նախագահին է տրամադրել նոր սանին: Ջորջ Բուշ Ավագը ծանր է տարել իր կնոջ՝ Բարբարա Բուշի (1925 – 2018) կյանքից հեռանալը, որի հետ միասին ապրել է 73 տարի: Twitter-ի իր օգտահաշվում Բուշ Ավագը զետեղել է լուսանկար, որտեղ, բացի իրենից ու Սալլիից, պատկերված է Բիլ Քլինթոնը, որը հունիսի 25-ին այցելել է Բուշ Ավագին: Լուսանկարում դեղին լաբրադոր-ռեթրիվեր Սալլին՝ հատուկ բաճկոնակ հագած, պառկած Է նոր տիրոջ ոտքերի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել