Չգիտես ինչու, համարվում է, թե ընթերցանությունը երեխաների և պատանիների համար է նախատեսված, իսկ ահա մեծահասակները կարող են փորձ ձեռք բերել միայն կյանքից: Մեծահասակները մտածում են, թե համացանցում, թերթերում տեղ գտած նորությունները կարդալը լիովին բավական է: Սակայն նման կարծիքը մոլորության է մատնել բոլորին իրականում, իհարկե, այդ թվում՝ և երեխաներին, որոնք մտածում են, որ գրքերը նախատեսված են միայն մանկության շրջանի համար: Իսկ ահա թե ինչու են մեծահասակներին ևս անհրաժեշտ գրքերը, կարելի է պարզել, երբ իմանաք, թե ինչու է օգտակար ընթերցանությունը:
Նախ՝ պետք է նշել, որ գիրքն ինքնին փորձ է, որն ընթերցողին փոխանցվում է հեղինակի կողմից: Ծանոթանալով ու մտորելով հերոսի սխալների մասին՝ կարելի է լուծել նաև սեփական խնդիրները: Քանի որ համամարդկային խնդիրները շատ հաճախ կրկնվում են, հնարավոր է, որ երկար ժամանակ լուծում չգտած հարցի պատասխանը թաքնված լինի հենց գրքի էջերում: Ընթերցանությունը նաև լայնացնում է մտահորիզոնը, թույլ է տալիս աշխարհին նայել այլ աչքերով ու տարբեր տեսանկյուններից: Կարդացող մարդը շատ ավելի արագ է մտածում և կարողանում է ավելի արագ կողմնորոշվել, հնարավորինս հստակ ու լավ որոշում կայացնել: Իսկ ահա խառը և բուռն իրադարձություններով լի գրքերն օգնում են զարգացնել հիշողությունը և տրամաբանական մտածողությունը: Իրական գրքասերը կարողանում է ճիշտ ձևակերպել ու արտահայտել մտքերը, միշտ գտնում է համապատասխան թեմա զրույցի համար և հիմնականում տեղյակ է լինում գրեթե ամեն ինչից: Նման դրական կողմերն օգնում են անձնական շփման և գործնական զրույցների ժամանակ: Ընթերցանությունը նաև իջեցնում է սթրեսի մակարդակը: Երբ մարդը սկսում է զգալ հերոսների ապրումները, ապրել նրանց կյանքով ու զգալ նրանց էմոցիաները, կտրվում է իրականությունից և կարողանում իրեն մի քիչ այլ զգալ: Մարդուն հաջողվում է հայտնվել այլ աշխարհում ու հեռվում թողնել իր իսկ կյանքից կուտակված լարվածությունը: Ուղեղի աշխատանքի արագացմանը ևս նպաստում է ընթերցանությունը: Այն միաժամանակ զարգացնում է աջ ու ձախ կիսագնդերը, ինչպես նաև բարձրացնում է ուշադրության, կենտրոնանալու մակարդակը: Կարդացող մարդկանց ուղեղը շատ ավելի երիտասարդ է մնում, ինչն էլ նպաստում է օրգանիզմի ուշ ծերացմանը:
Ինչպես կարելի է ենթադրել այս ամենից, ընթերցանությունը լավ է անդրադառնում տարատեսակ տեսանկյուններից, և իհարկե, մեծահասակների համար այն միայն լավ է: Որքան էլ շատերը մտածում են, թե գիրք կարդալը նորաձև չէ, իրականում կարելի է նկատել, որ մարդկանց ուշադրությունից երբեք դուրս չեն մնում խելացի, գեղեցիկ բառապաշարով ու յուրահատուկ մտածելակերպով մարդիկ: Իսկ նման մարդիկ իրենք էլ կվկայեն, որ հակում ունեն ընթերցանության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել