Անծանոթ լրատվական աղբյուրների հրապարակած լուրերի վրա հղում տալու հակահիգիենիկ ավանդույթը հայկական լրատվամիջոցներում շատ վաղուց կա։ 2000-ականների սկզբին պայքարում էինք, որ հայկական լրատվամիջոցները էշ-էշ copy-paste չանեն ադրբեջանական լրատվակայքերի, իսկ երբեմն նույնիսկ ֆորումների տեքստերը։ «Հա ի՞նչ, չի՞ կարա ըտենց բան ըլնի», — ասում էին մեր լրագրողները ու երեսները պադոշ սարքած շարունակում քլիքաբեր ադրբեջանական քարոզչությունը բերել ներհայկական մեդիադաշտ։ 2005–08 թվականներին հայ լրագրողների ամենասիրված կայքը երևի թե ադրբեջանական Day.az-ն էր։
Ինչևէ... Մի կողմից ամոթանք տալով ու ծաղրելով, մյուս կողմից կրթելով ու ապատեղեկատվության հարյուրավոր օրինակներ աչքները կոխելով՝ վերջը ստացվեց հասկացնել քոփիփեյսթի սիրահարներին, որ չէ, չի կարելի ադրբեջանական կայքերից ինչ պատահի, վերցնել-հրամցնել հայ ընթերցողին։ Ու ոչ միայն էսթեթիկ, այլ նաև զուտ հիգիենիկ նկատառումներով։
Ադրբեջանցիներն էլ, բնականաբար, քնած չեն. տեսնելով, որ ադրբեջանական դրոշով կայքերի ազդեցությունը հայ լսարանի վրա նվազել է, սկսեցին ստեղծել այլ տիպի կայքեր. իբր ոչ ադրբեջանական։ (Քարոզչության մեջ սրանց ընդունված է անվանել «սև աղբյուրներ», իսկ հատուկ գործողություններում՝ «կեղծ դրոշով գործողություններ» — false flag operations)։ Օրինակ՝ վարձում են ինչ-որ վրացու, իր անունով իբր վրացական կամ համակովկասյան լրատվակայք բացում, ու մեկումեջ հակահայկական աղբ լցնում։ Կամ, եթե իր անունն էժանով վաճառվող իրական մարդ չկա, գրում են օդից վերցրած մի անուն, բայց որ նման լինի իրական ինչ-որ մեկին։ Ֆոնային բովանդակությունն ապահովում են հիմնականում էլի քոփիփեյսթով, համեմելով դրանք անանուն կամ կեղծանուններով ստորագրած նյութերով։
Այս կարգի կայքերն աչքի են ընկնում բավականին «կացնային»՝ կոպիտ հակահայկական քարոզչությամբ ու ընդամենը 3-4 րոպեում կարելի է հասկանալ, որ գործ ունես վրացական, կովկասյան կամ ռուսական «ֆասադով» հերթական ադրբեջանական «զուգարանի բաչոկի» հետ։ «Իսկ չե՞ն կարող որակով սարքել» հարցին միանգամից պատասխանեմ. դժվար է, քանի որ որակյալ լրատվամիջոց ստեղծելն ու պահելը շատ մեծ գումար ու ժամանակի լուրջ ներդրում է պահանջում. այդքան երկարաժամկետ ու մեծ ծախս անանուն կամ կեղծ կայքի վրա ոչ ոք չի անում։
Ինչո՞ւ եմ այս ամենը գրում. այս կարգի «չադրբեջանական» հարթակներից է «Кавказ Онлайн» — kavkasia.net ռուսալեզու լրատվակայքը։ Եթե ուշադրություն դարձնեք, հիմնականում այստեղից-այնտեղից փախցրած նյութեր են + հակահայկական երանգավորումով տեքստեր։ Հայկական մամուլում դրանց գրածին հղում տալը, էլ չասեմ դնել լրջով քննարկելը, նույն բանն է, ինչ փողոցում ընկած կծած պեռաժկին գետնից վերցնելն ու բերան տանելը։
Այդ հարթակները հենց այդ նպատակով էլ ստեղծված են. հայկական մեդիադաշտ ադրբեջանական քարոզչությունը մտցնելու համար։ Ու երբ հայկական լրատվամիջոցը սկսում է բարձրաձայն ճպճպոցով ծամել Բաքվում թխած ու Թիֆլիսում կծած «մեդիապեռաժկին», Բաքվում ինչ-որ մեկին դրա համար պրեմիա են տալիս ու գուցե նաև ավելացնում հաջողված քարոզչական ծրագրի ֆինանսավորումը։